Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության միջոցները հետ են մղել Եմենի «Անսար Ալլահ» շարժման (հուսիթներ) կողմից Էթ-Թաիֆ և Յանբու քաղաքների ուղղությամբ հասցված հրթիռային հարվածը։ Այդ մասին հայտնել է արաբական կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Թուրքի ալ-Մալիքին։
«Թագավորության ՀՕՊ ուժերը կալանել ու ոչնչացրել են հութիների արձակած վեց բալիստիկ հրթիռները,- նշել է ռազմական ներկայացուցիչը։- Հրթիռների թիրախում Էլ Տաիֆ և Յանբու քաղաքների օբյեկտներն էին, և երկու դեպքում էլ խոցման համակարգերը հաջողությամբ են գործել»։
Ալ-Մալիքին նախազգուշացրել է, որ «հութիների դիմած ռազմական էսկալացիան Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից վճռական հակահարվածի կարժանանա»։
Ավելի վաղ թագավորության քաղաքացիական պաշտպանության ծառայությունը բնակիչներին նախազգուշացրել էր սրբազան Մեքքայի, Ջիդդայի և Թաբուկի ուղղությամբ հասցված հրթիռային հարվածների վտանգի մասին։ Բնակչությանը հորդորել էին անհապաղ տեղափոխվել մոտակա անվտանգ վայր և մնալ այնտեղ, մինչև վտանգն անցնի։ Ավելի ուշ օդային տագնապը չեղարկվել է։




























