Հայաստանը տարածաշրջանում խաղաղության երկաթյա երաշխիքն է: Այդ մասին այսօր՝ հունվարի 23-ին Սյունիքի մարզի վարչական կենտրոն Կապան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Հայաստանի գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
«Վերջին զորավարժությունները մեր բանակի հզորության միայն մի փոքր մասը ցույց տվեցին, սակայն իմացող մարդկանց համար պարզ դարձավ, որ մեր տարածաշրջանում խաղաղության երկաթյա երաշխիք կա եւ այդ երաշխիքը Հայաստանն է», – ընդգծել է Սարգսյանը: «Մենք պատերազմում հաղթած պետություն ենք: Մեր ներքին քաղաքականությունը, որն ուղղված էր օրենքի գերակայության ապահովմանը, ամրապնդել է երկրում խաղաղ տրամադրությունները: Մեր արտաքին քաղաքական մետոցումները համահունչ են միջազգային հանրության տեսակետներին», - հավելել է նախագահը:
«Անվտանգ լինելը ոչ միայն խաղաղ, այլեւ ապահով լինելն է: Դա բոլոր կողմերից ապահովված պետությունն է եւ ապահովված քաղաքացին: Եւ դրանք պարզապես բարեմաղթանքներ չեն, դրանք լուրջ հիմքեր ունեն: Մեր տնտեսական հաջողությունը պայմանավորված կլինի նաեւ ձեռնարկատիրական աշխուժությամբ: Այդ պատճառով մեզ համար շատ կարեւոր է նպաստել փոքր եւ միջին բիզնեսում ներդրումներին, հարկային քաղաքականության պարզեցմանը: Մենք հատուկ կարեւորելու ենք բիզնես սկսելու ընթացակարգի պարզեցումը: Սյունիքի քաղաքները պետք է իսկական քաղաքային կյանքով ապրեն: Մենք աշխատել եւ աշխատելու ենք այդ ուղղությամբ», – նշել է Սերժ Սարգսյանը:





























