Գերմանիայի Մյունխեն քաղաքում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

Թուրքական Stargundem կայքէջի փոխանցմամբ՝ քննարկման ժամանակ Ալիեւը Թուրքիայի արտգործնախարարին տեղեկացրել է Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման մանրամասների մասին:

Իր հերթին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ներկայացրել է թուրքական կողմի բացասական դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների սահմանադրականության մասին Հայաստանի ՍԴ որոշման վերաբերյալ:

Նշենք, որ Մյունխենում ընթացող անվտանգության 46-րդ համաժողովին մասնակցող Ահմեդ Դավութօղլուն արդեն հասցրել է հանդիպել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյմս Ջոնսի հետ։ Սպասվում է, որ Դավութօղլուն հանդիպումներ կունենա նաեւ Իրանի եւ Շվեյցարիայի արտգործնախարարների հետ։