Այսօր` հունվարի 24-ին  ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանն ընդունեց ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար` դեսպան  տիկին Հեյդի Թալիավինիին:

ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի նախընտրական շտաբից հայտնում են, թե հանգամանալից զրույցի ընթացքում Արման Մելիքյանն իր մտահոգությունը հայտնեց այն կապակցությամբ, որ Հայաստանում առկա քաղաքական իրողությունները միանշանակ հաստատում են, որ ՀՀ-ից հեռացած` քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն կես միլիոն քվեները կրկին հավելագրվելու են հօգուտ իշխող կուսակցության թեկնածուի, եթե իրադարձությունների նման զարգացումը կանխելու ուղղությամբ եռանդուն ջանքեր չգործադրվեն:

Արման Մելիքյանն այն համոզմունքն արտահայտեց, որ ընտրակեղծարարությունը կանխող կարեւոր քայլ կլինի  ընտրությունների օրինականությունն ապահովող եւ վերահսկող մարմնի` ԿԸՀ-ի կողմից Հայաստանից հեռացած, սակայն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների, ՀՀ քաղաքացիություն ընդունած, սակայն մշտապես արտերկրում բնակվող սփյուռքահայ հայրենակիցների, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիությունից հրաժարված անձանց թվաքանակի վերաբերյալ արժանահավատ տեղեկատվության հրապարակումը: ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարին հանձնվեց այս խնդրին առնչվող փաստաթղթերի փաթեթը, որը ներառում էր Արման Մելիքյանի` ԿԸՀ  նախագահ Տիգրան Մուկուչյանին հասցեագրված նամակի, ԿԸՀ-ի կողմից  նամակում ներառված առաջարկների վերաբերյալ ընդունված որոշման պատճենները, ԿԸՀ նիստի արձանագրությունը /թղթի կրիչի վրա եւ նիստի ձայնագրության էլեկրոնային տարբերակը/, ինչպես նաեւ ԿԸՀ որոշման կապակցությամբ Արման Մելիքյանի նախընտրական շտաբի տարածած հայտարարությունը:

Նշվեց, որ ԿԸՀ-ն մերժել է Հայաստանից մեկնած քաղաքացիների թվաքանակի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելու առաջարկը, իսկ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած սփյուռքահայ հայրենակիցների եւ քաղաքացիությունից հրաժարված անձանց մասով` վերահասցեագրել է ՀՀ Ոստիկանության ԱՎ վարչությանը եւ, որ առ այսօր, վերջինս որեւէ կերպ չի արձագանքել նամակում բարձրացված հարցերին: Հեյդի Թալիավինին տեղեկացվել է նաեւ այն մասին, որ որեւէ պարագայում թեկնածուն չի դիմելու ՀՀ դատական ատյաններին` համարելով, որ  Հայաստանում գործող կոռուպցիոն կառավարման համակարգի առկայության պայմաններում, անհնար է ակնկալել արդարադատության իրականացում:

Դեսպան Հեյդի Թալիավինին հավաստիացրեց, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը պատրաստ է համագործակցել բոլոր խնդրահարույց հարցերը պարզելու եւ ընտրությունների օբյեկտիվ գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվություն փոխանակելու համատեքստում: