Պարույր Սեւակի 89-ամյակի օրը՝ հունվարի 24-ին Հայաստանի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը այցելել է մեծ պոետի տուն-թանգարան, նաեւ ծաղկեպսակ դրել նրա շիրիմին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց Պ. Սեւակի անվան տուն-թանգարանի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։
Գործող նախագահին Զանգակատուն գյուղում գտնվող տուն-թանգարանում դիմավորել են Սեւակի որդին՝ Արմեն Ղազարյանը, ընտանիքով։ Գործող նախագահը տեղում ծանոթացել է նաեւ տուն-թանգարանում առկա խնդիրներին։
Թանգարանի տնօրենի խոսքով՝ տուն-թանգարանի նախագծով նախատեսված էր ամբողջական թանգարանային համալիր կառուցել, սակայն շինարարությունը կիսատ է մնացել։ «Սերժ Սարգսյանն առաջին նախագահն է, ով այցելում է Պարույր Սեւակի տուն-թանգարան»,- նկատեց տնօրենը։
Հիշեցնենք, որ հաջորդ տարի լրանում է Պարույր Սեւակի 90-ամյակը։
































