Տավուշի մարզում նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի առաջին հանդիպումը ընտրողների հետ եղել է Չինարի գյուղում, որտեղ հավաքված են եղել մոտավորապես 100-150 ընտրող: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրանտ Բագրատյանի մամուլի քարտուղար Կարինե Հարությունյանը:

Նրա խոսքով, քանի որ գյուղացիները հավաքված են եղել նաեւ Այգեձորում, հանդիպում է տեղի ունեցել նաեւ այնտեղ: Այգեձորի բնակիչները հիմնականում գյուղատնտեսության վերաբերող հարցեր են ուղղել Հրանտ Բագրատյանին եւ հետաքրքրվել, թե ինչպես է տեսնում դրանց լուծումները: Արծվաբերդում էլ բնակիչները շատ ոգեւորված են եղել Բագրատյանի առաջադրմամբ ու շատ ջերմ են ընդունել նրան:

Բերդում  Հրանտ Բագրատյանը շրջել է խանութներով, մարդկանց հետ հանդիպումներ են եղել հենց փողոցում, բուկլետներ են բաժանվել: «Հրանտ Բագրատյանը ներկայացրել է կոոպերացիաներին վերբերող իր մոտեցումները: Հանդիպման ընթացքում հիմնականում այն բնակիչներ են եղել, ովքեր կոոպերացիաների մասով ժամանակին աշխատել են Բագրատյանի հետ»,- ավելացրեց Կարինե Հարությունյանը:

Քարոզարշավի շրջանակներում, հունվարի 25-ին, Հրանտ Բագրատյանը կշարունակի հանդիպումները Տավուշի մարզի բնակիչների հետ:

Իսկ երեկոյան կվերադառնա Երեւան: