Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` հունվարի գումարած արտահերթ նիստում իրականացրել է լսումներ` 2013թ. հունվարի 24-ի ԿԸՀ որոշմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում: Համաձայն նշված որոշման` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ–վերստուգիչ ծառայությունը, նախընտրական քարոզչության ֆինանսավորման նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակով, նախընտրական քարոզչության ժամանակահատվածում պարբերաբար շրջայցեր է կազմակերպել:
ԿԸՀ մամուլի ծառայության փոխանցմամբ, հերթական շրջայցը կազմակերպվել է 2013թ. հունվարի 24-ին, որի ընթացքում վերահսկիչ–վերստուգիչ ծառայության աշխատակիցները արձանագրել են, որ Երեւանի քաղաքապետի որոշմամբ անվճար հիմունքներով քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերում Հանրապետության Նախագահի թեկնածու Վարդան Ժորժիկի Սեդրակյանի կողմից փակցված պաստառների վրա բացակայում է պատվիրատուի, տպագրող կազմակերպության եւ տպաքանակի վերաբերյալ տեղեկությունը: ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն` քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ ներառեն պատվիրատուի, տպագրող կազմակերպության եւ տպաքանակի վերաբերյալ:
Ծառայությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուշադրությունն էր հրավիրել նաեւ այն հանգամանքի վրա, որ նշված շրջայցի ընթացքում հայտնաբերվել է նույն թեկնածուի քարոզչական պաստառները ընտրական օրենսգրքով չնախատեսված տեղերում փակցված լինելու բազմաթիվ դեպքեր:
Հանրապետության Նախագահի թեկնածուների համար հավասար պայմաններ ապահովելու եւ նախընտրական քարոզչության ֆինանսավորման նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակով` վերահսկիչ–վերստուգիչ ծառայությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովին խնդրել էր քննարկել նշված փաստերը եւ դրանց վերաբերյալ արտահայտել իրավական դիրքորոշում:
Քննարկման արդյունքում, հիմք ընդունելով Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի լիազոր ներկայացուցչի բացատրությունները, համաձայն որոնց տարվում են համապատասխան աշխատանքներ խախտումները վերացնելու ուղղությամբ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է կիրառել նախազգուշացում` թեկնածուին տալով խախտումը դադարեցնելու համար եռօրյա ողջամիտ ժամկետ` մինչեւ 2013թ. հունվարի 28-ը, եւ դիմել Երեւանի քաղաքապետին` ընտրական օրենսգրքի խախտմամբ փակցված քարոզչական պաստառները վերացնելու նպատակով:
Նիստում կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրել է նաեւ 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններին ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելու համար օգտագործվելիք դրոշմակնիքի ձեւը:





























