Անցած 5 տարվա ընթացքում Հայաստանն ստիպված է եղել դիմակայել բազմաթիվ մարտահրավերների, այդ թվում` ներքաղաքական եւ համաշխարհային տնտեսական ճգնաժամերի: Այս մասին հունվարի 25-ին հայտարարեց Հայաստանի նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը` Դավիթաշենի վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանը:
«Քանակական առումով այդ մարտահրավերներն այնքան էին, որ կբավարարեին ոչ թե մեկ, այլ մի քանի նախագահի»,-նշեց նախագահը: «Մենք պետք է շարունակենք գնալ տնտեսության արդիականացման ճանապարհով, բարելավվել մրցակցային միջավայրը»,-նշեց նախագահը:
Նրա խոսքով` համաշխարհային տնտեսական ճգնաժամը խոչընդոտեց նախանշված ծրագրերի իրականացմանը, սակայն ներկայումս իրավիճակը բավականին բարելավվել է` արձանագրվել է ՀՆԱ-ի 7% աճ, 5,5-6%-ով աճել են նաեւ աշխատավարձերը. «Դա այնքան էլ մեծ հաջողություն չէ, սակայն հաշվի առնելով համաշխարհային տնտեսության աճը, մեր ցուցանիշը հուսադրող է»,-նշեց նախագահը: Նրա խոսքով` Հայաստանը պետք է դառնա ներդրողների համար կայուն, ապահովված պետություն, որտեղ գերակայում է օրենքը: Այդ կապակցությամբ առաջնահերթությունից մեկը կլինի մաքսային եւ հարկային ոլորտների, ինչպես նաեւ դատական համակարգի կատարելագործումը:




























