Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) Հրազդանի  տարածքային հարկային տեսչության աշխատակիցներն, օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի հետ համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հարկային դաշտից դուրս գործող հյուրանոցային տնտեսություն են հայտնաբերել Ծաղկաձորում:

ՊԵԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ստվերային հանգստյան գոտին պատկանում  է անհատ ձեռներեց Ահարոն Հայրապետյանին, ով երկար տարիներ զբոսաշրջային կենտրոնում` Իսահակյան 9 հասցեում հյուրանոցային ծառայություն է մատուցել զբոսաշրջիկներին:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է, որ Ահարոն Հայրապետյանը թեպետ դեռեւս 2009 թվականին Հրազդանի ՏՀՏ է հանձնել  պետական  գրանցման վկայականը, սակայն շուրջ 4 տարի շարունակել է հյուրանոցային ծառայություններ մատուցել այցելուներին` միաժամանակ շրջանցելով հարկային դաշտը:

Ստվերային հյուրանոցը բաղկացած էր 12 կահավորված  սենյակներից, որից 4-ն ընտանեկան են, իսկ գիշերավարձը կազմել է 20 000 մինչեւ 45 000 դրամ:

Ահարոն Հայրապետյանն այս տարիների ընթացքում ոչ միայն թաքցրել է իրացման շրջանառությունն, այլեւ խուսափել է հարկային պարտավորությունների կատարումից: Ավելին, իրականացված գործունեության վերաբերյալ անհատ ձեռնարկատերը որեւէ հաշվարկ, հաշվետվություն հարկային մարմին չի ներկայացրել: Թաքցված շրջանառության ծավալները, արդյունքում առաջացած եւ պետբյուջե չվճարված  հարկերի  չափը ճշտվում է:

Մեկ այլ դեպքով էլ հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցները  Կոտայքի մարզում են անօրինական գործունեություն հայտնաբերել: Այսպես, ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում նրանք պարզել են, որ Պռոշյան համայնքի Չաուշի 99 հասցեում գտնվող առեւտրի սրահում «Ար-Արին» ՍՊԸ-ի լիազորված անձ Արման Գիգոլյանը հարկային դաշտից դուրս իրականացրել է դրամային շահումով խաղերի կազմակերպում: Ստվերային խաղատանը գործել է 7 խաղային ավտոմատ, որոնց գործունեության վերաբերյալ համապատասխան ելակետային տվյալները Արման Գիգոլյանը չէր ներկայացրել հարկային մարմին: