Ստամբուլի Ֆաթիհ շրջանի Սամաթիա թաղամասում մարդիկ ահաբեկված են երկու ամսվա ընթացքում իրար հաջորդած հայազգի չորս տարեց կանանց նկատմամբ հարձակումների պատճառով, որոնցից մեկն սպանվել էր, գրում է թուրքական  «Today`s Zaman»-ը:

Լրագրողի հետ զրույցում թաղամասի հայազգի բնակիչ Անդրանիկ Յոնթանն ասել է, որ  հայերը խուսափում են հայերեն խոսել այդ հարձակումներից հետո. «Հայ կանայք վախենում են մոտակայքում գտնվող հայկական եկեղեցի գնալ, ոմանք անգամ մտածում են այլ շրջան տեղափոխվելու մասին: Անգամ Ստամբուլի մյուս շրջաններում բնակավող հայերն են սկսել վախենալ: Երխաները եւս հոգեբանորեն տուժել են եւ վախի մեջ են»:

«Ակոս» թերթի խմբագիր Արիս Նալջին «Today's Zaman»-ին ասել է, թե չի հավատում, որ այդ հարձակումներն առանձին միջադեպեր են` նշելով, որ իր կարծիքով, դրանք կազմակերպված են: Նա հայտարարել է, որ պետք է սկսվի լայնամասշտաբ հետաքննություն,  իսկ հանցագործները պետք է հնարավորինս շուտ հայտնաբերվեն: