Ադրբեջանի Իսմայիլի շրջանում կատարվածը կարող է մասնակիորեն կապված լինել ենթաէթնիկ գործընթացների հետ, սակայն հիմքում ընկած է երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Նրա խոսքով` Ադրբեջանի սոցիալ-տնտեսական կառուցվածքը հիմնվում է էներգառեսուրսների վաճառքի վրա, ինչը նպաստում է երկրում ոչ հավասարաչափ տնտեսական զարգացմանը: Կադրերի եւ միջոցների մեծ մասը կենտրոնացած է  մայրաքաղաքում, մինչդեռ տարածաշրջաններում տնտեսական իրավիճակը ողբերգական վիճակում է`  ֆեոդալական կարգի տարրերով: «Փաստը, որ Գուբայում իրադարձություններից մեկ տարի անց պատմությունը կրկնվեց Իսմայիլում, հաստատում է խնդրի սոցիալ-տնտեսական պատճառը: Միաժամանակ իշխանությունները կարող են նավթային հիմնադրամի հաշվին բարելավել բնակչության սոցիալական վիճակը: Առաջիկայում Ադրբեջանի իշխանությունները կսկսեն կոմբինացնել ուժային մեթոդները` փորձելով «կաշառել» բնակչությանը: Եվ դա կօգնի կայունացնել իրավիճակը մինչեւ հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները»,-նշեց Մինասյանը:

Հիշեցնենք, որ Իսմայիլում անկարգություններն սկսվել էին հունվարի 24-ի գիշերը, որոնց մասնակցել էր մի քանի հազար մարդ: Նրանք այրել էին «Չիրագ» հյուրանոցը, մի շարք ավտոմեքենաներ եւ պահանջել էին վարչական շրջանի ղեկավարի հրաժարականը: Կարգուկանոնի հաստատման համար քաղաք էին մտցվել ոստիկանության ու ներքին զորքերի ստորաբաժանումները: