Մոսկվայի հարավ-արեւմուտքում խոշոր հրդեհի հետեւանքով զոհերի թիվն անընդհատ աճում է։ Վերջին տվյալով, 10 մարդ զոհվել, 13-ը տուժել են։ Յոթ մարդու տեղափոխել են հիվանդանոց, նրանցից երեքի վիճակը ծանր է։
Նախնական տվյալով, բոլոր զոհերը եւ տուժածները շինմոնտաժային աշխատանքներ կատարող բանվորներ էին, գրում է utro.ru-ն։ Նրանց մեծ մասը խեղդվել է ծխից:
Խերսոնի փողոցի 43 հասցեում գտնվող վարչական շենքում հունվարի 26-ին հրդեհը բռնկվել էր օրվա երկրորդ կեսին։ Պարզվել է, բազմամակարդակ նորակառույցի ավտոտնակում բռնկվել էր շինարարական աղբը։ Ժամը 15:20-ին ԱԻՆ-ը հաղորդել էր հրդեհի մարման մասին։ Հետեւանքները վերացնում են 132 մարդ եւ 44 միավոր տեխնիկա։ Հրդեհի բռնկման պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ շինության կառուցապատողը «Տաշիր» ընկերությունների խումբն էր: Այդ մասին «Ինտերֆաքսին» հայտնել է վարչության մամուլի քարտուղարը:
ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ բոլոր զոհերն ու վիրավորները ներգաղթյալներ են մերձավոր արտերկրից:





























