Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր գրասենյակի հայտարարության մեջ ասվել է, որ Թուրքիայի` սիրիական սահմանին կից տարածքում գործարկվել է Patriot զենիթա-հրթիռային առաջին համալիրը (ԶՀՀ):
«Նիդերլանդներից բերված այդ մարտկոցը հրթիռային ռմբակոծության վտանգներից կպաշտպանի Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Ադանա քաղաքը»,- ասվել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի շտաբի կոմյունիկեում, մեջբերում է «Ինտերֆաքսը»:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ն Թուրքիա է ուղարկել վեց մարտկոց` երկուական մարտկոց համապատասխանաբար ԱՄՆ-ից, Գերմանիայից եւ Նիդերլանդներից: Այս շաբաթ հաղորդվել է, որ նրանք բոլորն էլ տարվել են Թուրքիայի`Սիրիայի հետ սահմանային գոտի եւ գտնվում են տեղակայման փուլում:





























