Լրատվամիջոցները հաղորդում են «օրենքով գողերի» շուրջկալի մասին, որոնք հավաքվել են Մերձմոսկվայում: Հավաքի ժամանակ չորս «օրենքով գողի» են ձերբակալել: Բացի այդ, ռեստորանում, որտեղ հավաքվել են քրեական հեղինակությունները, նրանց 25 մերձավորների եւս տարել են ոստիկանություն, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
Նրանք հավաքվել են նշելու համար Ալեքսանդր Բորի, ով առավել հայտնի է Տիմոխա անունով, ծննդյան տարեդարձը: Բացի Բորից, այնտեղ են գտնվել նաեւ Կոնստանտին Բորսիովը (Կոստիլ), Ալեքսանդր Մեդվեդեւը (Գոմելսկի արջուկ) եւ Պավել Ալեքսիեւիչը (Պաշա Պաշտետ): Վերջին երկուսը ժամանել են Բելառուսից:
Նշվում է, որ Ալեքսանդր Մեդվեդեւը եւ Պավել Ալեքսիեւիչը վերջերս սպանված Դեդ Հասանի հետ հակամարտող «կլանի» մեջ են մտնում եւ Տարիել Օնիանի կողմնակիցներն են:
Ներկայումս Պաշա Պաշտետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել թմրանյութերի ապօրինի պահպանման հոդվածով: Իրավապահները ստուգում են ձերբակալվածների մասնակցությունը Ռուսաստանի եւ Բելառուսի տարածքում կատարված հանցագործություններին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ հունվարի 26-ին ոստիկանությունը կասեցրել է Ռուսաստանի եւ Բելառուսի քրեական հեղինակությունների հավաքը Մերձմոսկվայում: Օպերատիվ տվյալներով` նրանք պատրաստվում էին «թագադրել» երեք հավակնորդների, ինչպես նաեւ քննարկել Ասլան Ուսոյանի սպանությունից հետո հետագա գործողությունները:





























