Թեեւ սոցիալական ցանցերը կարեւոր գործոն են եւ նկատելիորեն ազդում են երկրի քաղաքական կյանքի վրա, սակայն նախագահի ոչ բոլոր թեկնածուներն են ակտիվորեն օգտագործում այն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը` նշելով, որ ութ թեկնածուներից միայն գործող նախագահի եւ «Ժառանգության» առաջնորդի թիմերն են ակտիվ սոցիալական ցանցերում, չնայած որ բոլոր թեկնածուներն էլ գրանցված են Facebook սոցիալական ցանցում:
«Վերջին շրջանում սակայն ակտիվացել է նաեւ Անդրիաս Ղուկասյանը»,-նշեց նա:Անդրադառնալով քարոզարշավին` Սաֆարյանը նշեց, որ որոշ թեկնածուներ, ամենայն հավանականությամբ, որոշել են նախընտրական քարոզարշավն իրենց արտահայտություններով եւ հայտարարություններով վերածել գիշերային մղձավանջի: «Յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ եղել է «խեղկատակ թեկնածու», այս ընտրությունների ժամանակ ավելացել է նրանց թիվը, որոնք երկու գործառույթ ունեն` աշխատել Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ եւ զվարճացել ժողովրդին»:





























