Մոսկվայի հարավ-արեւմտյան մասում կառուցվող շենքի նկուղում բռնկված հրդեհի ժամանակ զոհվածները Տաջիկստանի քաղաքացիներ են եղել: Այս մասին լրագրողներին դեպքի վայրում հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ հունվարի 26-ին բռնկված հրդեհի արդյունքում զոհվել է 10 մարդ: Շենքի կառուցումն իրականացվել է «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից:
Դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցիչները կատարվածի կապակցությամբ հայտնել են, որ այդ շենքում բազմիցս են ստուգումներ անցկացվել, արձանագրվել են միգրացիոն օրենսդրության խախտումներ, տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Միաժամանակ «Տաշիր» խմբի մամուլի ծառայությունից հայտնել են, որ տուժածները շինարարներ չեն: «Երկրորդ մասնաշենքը, որտեղ տեղի է ունեցել պատահարը, արդեն հանձնվել է շահագործման: Մեր կողմից շինարարական աշխատանքներ չեն իրականացվել: Սա մարդկանց չարտոնված ներկայություն է շենքում»,-ասել են ծառայությունից `տեղեկացնելով, որ շենքի բնակարանները հանվել են վաճառքի, դրանցից շատերը վաճառվել են:
Նորակառույցը կառավարող «Տաշիրի» դուստր ընկերությունը ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության եւ իրավապահների հետ կպարզի, թե ինչպես են մարդիկ հայտնվել այնտեղ եւ ինչի հետեւանքով է առաջացել հրդեհը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:





























