Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ հունվարի 26-ին հանդիպում ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով եւ իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ:
Ներկաներն անդրադարձան ընտրության օրը՝ ընտրատեղամաս հաշմանդամների այցելելու խնդրին, նշեցին, որ շատ շինություններում, որտեղ տեղադրված են ընտրատեղամասերը, բացակայում է համապատասխան թեքահարթակ, դռները նեղ են, իսկ երբեմն՝ քվերարկությունն անցնում է ոչ թե առաջին, այլ երկրորդ հարկում: Մտահոգություն արտահայտվեց նաեւ լսողության հետ խնդիր ունեցող անձանց իրավունքների պաշտպաններից:
«Ունիսոն» կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը մտահոգություն հայտնեց, որ այս քարոզարշավի ժամանակ գրեթե բոլոր թեկնածուների կողմից անտեսվել են վատ լսողություն ունեցող կամ ընդհանրապես չունեցող անձանց իրավունքները եւ ծրագրերի ներկայացման սուրդոթարգմանություն չի արվում:
Պատասխանելով ՀԿ-ների ներկայացուցիչներին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ նախագահական ընտրություններից հետո խորհրդարանում կստեղծվի հատուկ աշխատանքային խումբ, որը կզբաղվի համապատասխան օրենդրական դաշտով եւ կվերահսկի նաեւ արդեն իսկ գործող օրենքների իրականացումը:
Ըստ խորհրդարանի ղեկավարի՝ պետք է լուծում գտնեն տրանսպորտի, քաղաքաշինության, աշխատանքի եւ սպորտի ոլորտներում առկա խնդիրները. «Ես իմ խոստումներն իրականացնում են: Համապատասխան մասնագետներ կներգրավենք, ՀԿ-ներին, քաղաքական ուժերին: Ինձ թվում է, որ չի լինի որեւէ պատգամավոր, որ հաշմանդամների խնդիրների լուծմանը չփորձի աջակցել»։
Հ.Աբրահամյանը նաեւ անդրադարձավ ընտրատեղամասերի մատչելիության խնդրին՝ ընդգծելով որ բոլոր պայմանները պետք է ստեղծվեն, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացին կարողանա ազատ արտահայտել իր կամքը:
Նշենք, որ հանդիպումը կայացել է «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության նախաձեռնությամբ:





























