Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը կոչ է անում Վրաստանի նախագահ Սաակաշվիլիին եւ Միասնական ազգային շարժման գործիչներին ձեռնպահ մնալ սադրիչ հայտարարություններից:
Քաղբանտարկյալների և մյուս համաներված անձանց, այդ թվում` Վահագն Չախալյանի ազատումը կալանավայրից բացասական արձագանք առաջացրեց ընդդիմությունում գտնվող Միասնական ազգային շարժման կողմից, որի ներկայացուցիչները վերջին օրերին հանդես են գալիս ոչ վայելուչ հայտարարություններով` փորձելով նպաստել հակահայկական տրամադրությունների տարածմանը Վրաստանի բազմազգ հասարակության շրջանում:
«Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և «Միասնական ազգային շարժման» գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին հայտարարեցին, որ քաղաքական բանտարկյալ դարձած Վահագն Չախալյանն իբր անջատողական է, արտասահմանյան հատուկ ծառայությունների գործակալ և վրացական պետության թշնամի: Նման կարգի բաց հայտարարություններով նախագահը և ներքին գործերի նախկին նախարարը խոստովանեցին, որ Միասնական ազգային շարժման իշխանությունում գտնվելու ժամանակ, արդարադատությունը փաստորեն բացակայում էր: Եթե Չախալյանն, իրավամբ անջատողական էր և գործակալ, այդ դեպքում ինչու նա դատված չէր ՔՕ համապատասխան հոդվածներով: Այդ առեղծվածի բացատրությունը մեկն է. նախկին իշխանությունը առանձնահատուկ կերպով օգտագործում էր արդարադատության համակարգը իր քաղաքական ընդդիմադիրների դեմ»,-ասված է ասված է Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի կողմից տարածված հայտարարության մեջ:
«Նախագահ Սաակաշվիլին իրեն թույլ տվեց նաև հիշատակել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը, հայտարարելով, որ ազատումը տեղի է ունեցել Նորին Սրբության խնդրանքով: Ուզում ենք հայտարարել, որ նախ՝ դիմումը բխում էր մարդասիրական գաղափարներից և Չախալյանի ծնողների խնդրանքով էր, ինչին չէր կարող չարձագանքել Համայն հայության հոգևոր հովիվը: Երկրորդ՝ Չախալյանն այսպես թե այնպես ընկնում էր համաներման տակ, քանզի նա դատապարտված էր այն հոդվածներով, որոնք համապատասխանում են Վրաստանի 2013 թվականի հունվարի 12-ի «Համաներման մասին» օրենքին»,-ասվում է հայտարարության մեջ:
Վերջին օրերի ընթացքում նախագահ Սաակաշվիլու կողմից բազմիցս հիշատակվել է նաև քաղաքական մեկ այլ բանտարկյալ՝ Արմեն Գևորգյանի անունը, ում նախագահը նույնպես մեղադրել է լրտեսության մեջ: «Հարկ է նշել, որ ելնելով մարդասիրական գաղափարներից, Արմեն Գևորգյանի ազատման համար, մեր տվյալներով, իր ժամանակին նախագահին միջնորդել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը»,-հիշեցնում է Վիրահայոց թեմը:
Վիրահայոց թեմը դատապարտում է վերը նշված գործողությունները և հայտարարում ու կոչ է անում առանձին քաղաքական գործիչներին «կարճատև քաղաքական նպատակների համար չօգտագործել այնպիսի հարցեր, որոնք անմիջականորեն վերաբերում են ինչպես մեր բազմազգ հայրենիքի խաղաղությանը և անդորրին, այնպես էլ երկու եղբայրական ժողովուրդների՝ հայերի և վրացիների միջև հարաբերություններին»:





























