ՀՀ նախագահի թեկնածու Պարույր  Հայրիկյանը հանդես է եկել հայտարարությամբ` ներկայացնելով  հացադուլի երրորդ օրն ունեցած իր զգացողություններն ու, ընդհանարապես, ընտրարշավի մասին իր  որոշ դիտարկումներ:

«Հացադուլիս երրորդ օրն է։ Կյանքումս առաջին անգամ է, որ առանց ջրի մեկ օրից ավել եմ գոյատեւում: Ընդհանրապես խորհուրդ են տալիս չուտելու ժամանակ շատ ջուր խմել, բայց քանի որ Անդրիաս Ղուկասյանի անժամկետ հացադուլին սատարում եմ միայն եռօրյա հացադուլով, որոշեցի գնալ չոր տեսակի կիրառման ճանապարհով։ Քիչ անց եւս մեկ անգամ կայցելեմ իրեն․․․ Ի դեպ, քայլս վարակիչ է դարձել եւ նույնիսկ կարող է շարունակական լինել։ Երեկ Շանթ Հարությունյանն ասաց, որ իմ ավարտելու պահից ինքն է ազդարարելու եռօրյա հացադուլ»,-մասնավորապես նշում է Պ. Հայրիկյանը:

Անդրադառնալով ընտրարաշավին ` նա նշում է. «Եվրոպական մասնագիտական կազմակերպության հարցումներով չնայած ես թեկնածուների շարքում երրորդն եմ, սակայն մեկ այլ՝ քաղաքական գործի համար կարեւորագոյն անվանակարգում՝ ծրագրերի նկատմամբ ժողովրդի վերաբերմունքի ոլորտում՝ ա ռ ա ջ ա տ ա ր ը: Այսինքն՝ եթե առաջադրված ծրագրերի նկատմամբ ժողովրդի ունեցած վերաբերմունքով այսօր որոշվեր առաջատար քաղաքական գործիչը, ապա մենք մտածելու բան չէինք ունենա․․․»»Բայց, ըստ նրա, փաստ է, որ ծրագիր-քաղաքական գործիչը մի քանի անգամ ավելի շատ ձայներ ունի, քան մարդ-քաղաքական գործիչը. «Այդ տարբերությունը կարող էր նույնիսկ մի քանի տասնյակ տոկոսով արտահայտվել, բայց երբ մի քանի հարյուր տոկոս է, պետք է ենթադրել, որ մարդիկ ոչ բնականոն իրավիճակում են՝ վախեցած կամ ․․․ Այս կամ-ն է որ պետք է արագ պարզենք ու արագացնենք մարդ-գործիչ եւ ծրագիր- գործիչ վարկանիշների ներդաշնակումը»։