Հունվարի 27-ին` Բանակի օրվա առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվել է  Սուրբ Պատարագ:

Արարողությանը ներկա են եղել Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ բանակի բարձրագույն սպայական կազմի անդամներ, հայտնում են Մայր Աթոռի մամլո դիվանից:Պատարագի ավարտին Մայր Տաճարի Իջման Ս. խորանի առջև, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել է Հանրապետական մաղթանքի արարողություն:

Հանրապետական մաղթանքից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի  է ունեցել պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսը, շնորհավորելով ամենքին Հայոց բանակի 21-րդ տարեդարձի առիթով, իր օրհնությունն ու բարեմաղթանքներմ է հղել ներկաներին: Անդրադառնալով թե' հոգևոր սպասավորների և թե' զինվորականների ծառայության կարևորությանը հայ ժողովրդի կյանքում` Նորին Սրբությունը նշել է, որ նրանք երկուսն էլ կոչված են պայքարելու չարի դեմ հոգևոր և ֆիզիկական տեսանկյուններից` այն հասարակության միջից վերացնելու, սեր ու խաղաղություն հաստատելու և ապահով ու անսասան Հայրենիք կառուցելու համար:

Այնուհետև հայրենիքին ու հավատավոր ժողովրդին մատուցած ծառայությունների համար Վեհափառ Հայրապետը Հայ եկեղեցու «Սբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով  է պարգևատրել գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանին, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանին, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանին և  գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանին:Ապա ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով` ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի առիթով  Արցախյան ազատամարտին մասնակցած և զինված ուժերում հոգևոր ծառայության ընթացքում իրենց նպաստը բերած շուրջ 20 հոգևորականներ պարգևատրվել են «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան» և «Ծովակալ Հ.Ս. Իսակով» մեդալներով: