Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին Սուեզի ջրանցքի երկայնքով տեղակայված երեք քաղաքներում արտակարգ դրություն է հայտարարել:  Այդ քաղաքներն են Պորտ Սայիդը, Իսմայիլիան եւ Սուեզը: Այդ շրջաններում  երեկոյան 9-ից մինչեւ առավոտյան 6-ը գործելու է պարետային ժամ:

Ըստ Մուրսիի` արտակարգ դրությունը կշարունակվի մինչեւ փետրվարի վերջը: Նախագահը նաեւ նախազգուշացրել է, որ եթե անկարգությունները երկրում չդադարեն, երկրի իշխանություններն ավելի խիստ միջոցներ կձեռնարկեն:

Նախագահն ընդդիմության ներկայացուցիչներին հունվարի 28-ին հրավիրել է բանակցությունների:

Հոսնի Մուբարաքի վարչակարգի օրոք Եգիպտոսում արտակարգ դրության ռեժիմը գործել է 30 տարվա ընթացքում` սկսած 1981թ.-ից, երբ մահմեդական ծայրահեղականները սպանել էին երկրի նախագահ Անվար Սադատին: Եգիպտոսում արտակարգ դրությունը  հանվել էր միայն 2012թ. հունվարին, նշում է lenta.ru-ն: 

Եգիպտոսի Կահիրե, Սուեզ, Պորտ Սայիդ եւ Ալեքսանդրիա քաղաքներում հունվարի 25-ից բողոքի ցույցեր են տեղի ունենում` հեղափոխության երկրորդ տարեդարձի կապակցությամբ: Ըստ Reuters-ի տվյալների` զոհվել է 45 մարդ: 

Եգիպտոսում խռովություններ են սկսվել նաեւ հունվարի 26-ին  մահապատժի դատապարտված ֆուտբոլի 21 երկրպագուների  դատավճռի պատճառով: Խռովությունների ընթացքում զոհվել է 32 մարդ եւ տուժել 250-ը: Հունվարի 27-ին զոհերի հուղարկավորությունը նոր անկարգությունների է վերաճել, որի ընթացքում զոհվել է վեց մարդ եւ վիրավորվել 460-ը: