Նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը եւ Պարույր Հայրիկյանը չեն դիմել մեկ այլ նախագահի թեկնածու, ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանին` միանալու երկրից հեռացածների ցուցակները հրապարակելու վերաբերյալ իրենց հայտարարությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արման Մելիքյանը:
Իսկ թե ինչու են դիմել, ապա նախագահի թեկնածուն ենթադրում է, որ «երեւի իմանալով հանդերձ, որ արդեն իսկ այդ պահանջը դրվել է, անիմաստ են համարել մեկ անգամ եւս դիմել»:
Նա նշեց, որ այդ հարցով առաջինը ինքն է դիմել ԿԸՀ եւ իրենք են այդ խնդրով զբաղվում. «Ես ուրախ եմ, որ նրանք որոշել են, որ այս խնդիրը կարեւոր է երկրի համար եւ վերջապես միացել են մեր ջանքերին իրենց հայտարարությամբ»,- ասաց նա: Հարցին, թե ինչի չեն հայտարարել, որ միանում են իրենց նախաձեռնությանը, նախագահի թեկնածուն դա երկրորդական հարց է համարում` հավելելով. «Քանի որ բոլորին հայտնի է, որ սա մեր նախաձեռնությունն է այս ընտրապայքարի հետ կապված, մեր մարտավարության բաղադրյալներից մեկն է, դա իրենց խնդիրն է եւ էթիկայի հետ կապված իրնեց վարվելաձեւի ընտրության հարցը: Այդ ձեւն էլ է ընդունելի, կարեւորը, որ հարցը առաջ է գնալու, իսկ հեղինակության հետ կապված բանավեճը անտեղի եմ համարում»,- ասաց նա: Արման Մելիքյանը գնահատել է համարում այն, որ «իրենք են եկել այդ համոզման եւ անկախ հայտարարությամբ հանդես են եկել սատարելու իրենց ջանքերը»:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարություն են տարածել` ներկայացնելով իրենց մտահոգությունները ընտրությունների կապակցությամբ: Նրանք պահանջում են հրապարակել հանրապետությունից բացակայող քաղաքացիների ցուցակները:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























