Գաղութից ուղղաթիռով «հոլիվուդյան փախուստ»-ն Ալեքսեյ Շեստակովին տվել է  24 տարի ազատազրկում: Դատարանն Ա.Շեստակովին եւ նրա համագործակիցներին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով: Մասնավորապես խոսքը գնում է օդանավի առեւանգման, ավտոմեքենա առեւանգելու եւ իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնության կիրառման համար: Նրա ազատազրկումն ավելացրել են նաեւ գաղութից փախչելու համար, հայտնում է ՌԲԿ-ն:

Ա.Շեստակովին օգնած Ալեքսանդր Ռուսակովին եւ Տատյանա Վաժալինի դատապարտել են համապատասխանաբար  12 եւ 11 տարի ազատազրկման: Բանտ է ընկել նաեւ կաշառք վերցրած գաղութի փոխղեկավարը` Ալեքսանդր Բելոլիկովը: Հենց այդ պաշտոնյայի շնորհիվ է Շեստակովին հաջողվել օգտվել բջջային հեռախոսից եւ կապ հաստատել իր համագործակիցների հետ:

Հիշեցնենք, որ հոլիվուդյան ոճով փախուստը կատարվել է 2012 թվականի փետրվարին: Հաստատության տարածքում Ми-2 ուղղաթիռ է հայտնվել, որի միջից պարան է իջեցվել, որով ուղղաթիռ է բարձրացել դատապարտյալը: Ուղղաթիռն այնուհետեւ հայտնաբերել են Վոլգոգրադի Պոշեխոնսկյան մայրուղում, նրա օդաչուն կապված է եղել: Շեստակովին շուտով հայտնաբերել են, նա ձերբակալության ժամանակ դիմադրություն է ցույց տվել, որի արդյունքում թեթեւ վնասվածք է ստացել: Նրա երկու հանցակիցներին կալանավորել են հաջորդ օրը: Ավելի ուշ պարզվել է, որ 36-ամյա Շեստակովն ինքն է զբաղվել ուղղաթիռի պատվերով եւ թռիչքի կազմակերպմամբ, այդ թվում եւ բջջային կապի օգտագործմամբ: Այսպես, հանցակիցների հետ կապ պահելու համար Շեստակովն օգտագործել է նվազագույնը 6 հեռախոսահամար: