Հայաստանի նախագահի թեկնածուներից երեքի` երկրից հեռացածների ցուցակները հրապարակելու պահանջը հնարավոր չէ կատարել, քանի որ նման ցուցակ չկա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալ,ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանն ասաց, որ պետությունը նման հաշվառում չի վարում, բայց մենք` որպես երկիր, պատրաստվում ենք անել միգրացիոն հոսքերի կառավարում եւ այդ ուղղությամբ գործուն քայլեր ենք ձեռնարկում: 

«Բանն այն է, որ Հայաստանում գտնվել, չգտնվելու վերաբերյալ տեղեկատվությունը այս պահին պետությունը չի վարում: Շատերը շփոթում են դա սահմանային վերահսկողական համակարգի հետ, եւ ասում են, որ եթե անձը սահմանային վերահսկողության ենթարկվում է, ապա դա նշանակում է, որ միաժամանակ նաեւ նրա տվյալները արձանագրվում են, թե Հայաստանի այս կամ այն քաղաքացին գտնվում է ՀՀ-ում, թե ոչ: Իսկ խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանի քաղաքացիները կարող են սահմանն անցնել իրենց մյուս փաստաթղթերով, օրինակ` երկքաղաքացիներ, Ռուսաստանի քաղաքացիներ, այլ երկրների քաղաքացիներ, հատկապես եթե հաշվի առնենք, որ մի զգալի մասի համար վիզային պահանջի կարիք չկա»,,- ասաց նա:

Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ մի քանի ամիս առաջ Կառավարությունը ձեռնամուխ է եղել նման միգրացիան հոսքերի կառավարման համակարգի ստեղծման աշխատանքներին. ինչը պահանջում է մեծ ֆինանսական եւ աշխատանքային ռեսուրսներ: Ինչ վերաբերում է  բացակայող անձանց փոխարեն քվեարկելու վերաբերյալ մտահոգություններին, ապա ՀՀԿ ԳՄ անդամը նշեց, որ էական չէ, թե անձը քանի օր է բացակայում Հայաստանից, գտնվում է ՀՀ-ում, բայց ընտրության օրը չի ներկայացել քվեարկության, «բոլոր նման դեպքերում նրանց փոխարեն քվեարկելը հանցագործություն է»: Նա շեշտեց, որ այդ առումով  Ընտրական օրենսգիրքը երաշխիքներ պարունակում է, որպեսզի ընտրություններին մասնակից բոլոր ուժերը, թեկնածուները, խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական կուսակցությւնների ներկայացուցիչները կարողանան պատշաճ վերահսկողություն իրականցնել` թույլ չտալով նման երեւույթներ, ունենան նաեւ պատշաճ մեխանիզմներ, որպեսզի դրանք բացահայտվեն: Անդրադառնալով ընտրություններին վարչական ռեսուրսի օգտագործման մասին խոսակցություններին` նա մեկ անգամ եւս շեշտեց, որ դա անթույլատրելի է:«Թեկնածուների մի մասը, երբ ահազանգում են վարչական ռեսուրսների օգտագործման մասին, իրենց իսկ բերված օրինակները բացարձակապես չեն խոսում, որ օգտագործվում է վարչական ռեսուրս: Օգտակար կլիներ ուսումնասիրել այլ երկրների փորձը, թե ինչ է նշանակում վարչական ռեսուրսի օգտագործում»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարություն են տարածել` ներկայացնելով իրենց մտահոգությունները ընտրությունների կապակցությամբ: Նրանք պահանջում են հրապարակել հանրապետությունից բացակայող քաղաքացիների ցուցակները: