Հայաստանը միջազգային ատյաններում կարող է միայն այն ժամանակ իրեն վստահ զգալ, երբ այստեղ արդար ընտրություններով անցած իշխանություն լինի: Այս մասին Թալին քաղաքի ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ արդար ընտրություններ անցակցման համար, նախեւառաջ պետք է դադարեցնել մարդկանց սպառնալիքով ընտրության տանել: «Ո՞վ է մեր զինվորներին ուժով ստիպում քվեարկել, ո՞վ է նրանց քշում ընտրատեղամասեր: Ասացեք ինձ այդ հրամանատարի անունը, Սերժ Սարգսյա՞նը: Ասացեք ինձ այն քաղաքապետի, այն գյուղապետի, մարզպետի անունը, ով վախեցնում է բժշկին, գյուղատնտեսին, թե, եթե ում պետք է չընտրես, հետո կփոշմանես»,- խոսքն ուղղել է թալինցիներին Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը պետք է հարգի Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Եվրոպային, եւ ոչ թե երկյուղի, որ նրանք էլ, Ռուսաստանից եւ վերջացրած Եվրոպայով ու ԱՄՆ-ով, փոքր ինչ մտածեն մեր խնդիրների մասին:

Հայաստանում զինվորը պետք է պաշտպանի սահմանները, առանց մտածելու, որ իրեն բանակում կսպանեն:

Հովհաննիսյանի խոսքով՝ ոչ ոք իրավունք չունի 18-ամյա անփորձ պատանուն ուղարկել դեպի թշնամու կրակը. այս խնդիրը պետք է լուծի փորձառու մասնագետը, ով լավ կվարձատրվի իր ծառայության դիմաց: «Եթե մեր երկիրն արժանի իշխանություն ղեկավարի, ապա երկու տարի հետո՝ 2015թ-ի ապրիլի 24-ին մենք կկարողանանք միավորվել, եւ Թուրքիային ասել, կամ սահմանը բացում ես, կամ՝ մենք ենք նախապայմաններով խոսում»,- ասել է Հովհաննիսյանը: