Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունվարի 28-ին, ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին նախագահի մամուլի ծառայությունից, ՌԴ պաշտպանության նախարարը շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ Հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորել են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների առավել ամրապնդումն ու երկու երկրների միջեւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության խորացումը՝ ընդգծելով դրա կարեւորությունը արդի մարտահրավերներին դիմակայելու համատեքստում: ՀՀ նախագահը եւ ՌԴ պաշտպանության նախարարը քննարկել են այդ ոլորտում համագործակցության զարգացման հետագա ծրագրերը: