Հայաստանի եւ Ռուսաստանի ՊՆ ղեկավարները քննարկել են ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության հարցեր: Այս մասին, այսօր` հունվարի 29-ին, Երեւանում, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ համատեղ ասուլիսում նշել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը (ֆոտոռեպորտաժ):
«ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի պաշտոնական այցը պլանային է: Մեզ համար հատկապես հաճելի է, որ այն տեղի է ունենում Հայկական բանակի 21-րդ տարեդարձի տոնակատարությունների օրերին: Դա շատ խորհրդանշական է եւ ամբողջությամբ համապատասխանում է հայ-ռուսական դաշնակցային դինամիկ խորացող հարաբերությունների ոգուն եւ միտումներին»,-ասել է Օհանյանը: Նրա խոսքով` բանակցությունների ընթացքում քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային ծրագրերի խնդիրներ, Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման հետ կապված հարցերի շրջանակ:
Հայաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ Շոյգուի այս այցը խթան կլինի պաշտպանության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար եւ կնպաստի բարեկամության, տարածաշրջանում կայունության ու անվտանգության ամրապնդմանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























