Մարզերի համաչափ զարգացումը հրամայական է Հայաստանի համար: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը` հանդես գալով Նոյեմբերյան քաղաքի ընտրողների առջեւ: Նրա խոսքով, գյուղերն ու փոքր քաղաքները պետք է հարմարավետ լինեն Հայաստանի բնակիչների համար:

«Ինչպե՞ս դրանք դարձնել գրավիչ եւ տնտեսապես ակտիվ: Ինչպե՞ս երիտասարդությանը պահել հայրենի գյուղում: Մարդիկ, երբեմն, չեն պատկերացնում` ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով զարգացնել իրենց գյուղն ու հասարակությունը: Նրանք պետք է զբաղվեն գյուղատնտեսությամբ, հող մշակեն, անասուններ բազմացնեն եւ ոչ մի գործարան գյուղում իր կարեւորությամբ չի կարող համեմատվել դրա հետ: Ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի:

Բայց երբեմն տարրական բնազդը մարդուն չի բավարարում: Դրա համար անհրաժեշտ են հստակ ծրագրեր` կենսամակարդակը բարձրացնելու համար:

Մարզերի համաչափ զարգացումը հրամայական է Հայաստանի համար: Նշանակում է այն միայն ենթակառույցների զարգացում չէ, այլ նորի ստեղծում, համաշխարհային գործընթացին արձագանքելու հնարավորություն: Այն ամենն, ինչ խանգարում է մեզ զարգանալ, պետք է դեն նետել մտքից: Դա իհարկե, չի վերաբերում մեր ժողովրդի ավանդույթներին, որոնք կայուն ընտանիքների հիմքն են հանդիսանում: Ես առաջին հերթին ի նկատի ունեմ նոր եւ համարձակ գաղափարներին աջակցելը»: