Աշխատատեղեր ստեղծելու մասին պետք է մտածի ոչ միայն պետությունը, այլ նաեւ տեղական իշխանությունները: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Նոյեմբերյան քաղաքի ընտրողների առջեւ:
Նրա խոսքով, աղքատության հաղթահարումը չպետք է լինի տհաճ եւ քննարկամն համար փակ թեմա:
«Նախկինում մենք չէինք ցանկանում արծարծել աղքատության մեջ ապրող, կարիքավոր մեր բարեկամների եւ հարեւանների թեման:
Առաջին հերթին, իրերի նման վիճակի համար մեղավոր է իշխանությունը, որ պայմաններ չի ստեղծում, որ աշխատող մարդը կարողանա անհրաժեշտ պայմաններ ստեղծել իր ընտանիքի համար: Ուստի մեր սոցիալ-տնտեսական քաղաքականությունը պետք է միտված լինի աղքատություն ծնող պատճառների վերացմանը: Նպաստներ եւ թոշակներ բաժանելով` մենք չենք կարող լուծել այդ խնդիրը: Ես բազում անգամներ ասել եմ, ասում եմ եւ հիմա. Նպաստներ պետք են միայն այն մարդկանց, որոնք ի վիճակի չեն աշխատել: Ի՞նչ է նշանակում, առողջ մարդը, ոտուձեռը տեղը, բայց չի աշխատում: Դեռ մտածում է, թե ինչպես պետությունը նպաստն ավելացնի: Բոլորովին այլ է, երբ այդպես մտածում է տարիքով մարդը: Մենք պետք է մտածենք աշխատատեղերի ստեղծման մասին, հատկապես նախկին արդյունաբերական քաղաքներում: Հենց գործազրկությունն է արտագաղթի հիմնական պատճառը: Փոքրիկ քաղաքից հաճախ գալիս են Երեւան, բայց աշխատանք չգտնելով հեռանում արտերկիր»,- նշել է նախագահը` հավելելով, որ մարդիկ դրա պատասխանատվությունը բարդում են պետության վրա, բայց համայնքի ղեկավարի ակտիվությունն էլ կարեւոր դեր է խաղում:





























