Պետական ապարատի աշխատանքը առաջիկա 5 տարիներին հնարավորինս թափանցիկ է լինելու: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը` Վանաձոր քաղաքի ընտրողների հետ հանդիպմանը:
Նրա խոսքով, նախագահի պաշտոնում իր վերընտրման դեպքում պետական մեքենայի յուրաքանչյուր օղակ աշխատելու է առավել արդյունավետ: «Այժմ մենք պետական կառավարման համակարգում նոր արդյունավետ մեխանիզմներ ենք ներդնում: Դրանց նոր լիցք է տրվելու: Քաղաքապետերից մինչեւ դատարաններ, հարկայինից մինչեւ կադաստր մենք այնպիսի տեղեկատվական հոսքեր ենք կազմակերպում, որոնք եւ արագություն, եւ ծառայությունների որակ կապահովեն: Մենք արդեն բավական առաջ ենք գնացել, բայց մեր հիմնական նպատակն է, որ մութ գործարքների համար որեւէ անկյուն չթողնենք: Պետական ապարատը լինելու է ոչ թե պարզապես լույսի տակ, այլ մանրադիտակի»«- ասել է Սարգսյանը:
Նրա խոսքով, նպատակն է ապահովել օրենքի գերակայությունը: Յուրաքանչյուր քաղաքացու գիտակցության մեջ պետք է ամրագրվի այն գաղափարը, որ իր երկրում հուսալի պաշտպանության տակ է լինելու, դա Հայաստանի անվտանգության կարեւոր բաղադրիչ է:





























