Շանտաժի միջոցով Հայաստանից ոչ մի զիջում չեն կարող կորզել: Այս մասին, այսօր` հունվարի 30-ին, Վանաձորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահի թեկնածու, երկրի գործող նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մեր արտաքին քաղաքականությունը պետք է շարունակվի նույն ոգով եւ տրամաբանությամբ: Դա այն ոլորտը չէ, որտեղ թույլատրելի են լուրջ փոփոխություններ: Մենք պետք է ամրապնդենք միջազգային ասպարեզներում մեր շահերի առաջմղման մեր հնարավորությունները: Պետք է ուժեղ լինենք մեր գործընկերների, բարեկամների ու թշնամիների աչքում: Դուք բոլորդ լավ պատկերացնում եք, թե ինչ մարտահրավերի ենք դիմագրավում. Ադրբեջանի եւ Թուրքիայի թշնամական դիրքորոշում, փակ սահմաններ:

Թուրքիայի նախապայմանները, Ադրբեջանի ագրեսիվ, ցինիկ եւ ռասիստական կոչերը էլ ավելի են լարում իրավիճակը տարածաշրջանում: Բայց ուզում եմ ձեզ հայտարարել, որ ինչին մենք հավատում ենք, նույն բանին ստիպված է լինելու հավատալ նաեւ մեր հակառակորդը: Շանտաժի լեզվով մեզանից զիջումներ չեն կարող կորզել: Միեւնույն է, Թուրքիան չի կարող փոխել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, դրա դատապարտումը, ինչպես նաեւ սեփական հասարակությունում հնչող հարցերը, որոնք ավելի ու ավելի սուր են դրվում:

Ուժի սպառնալիքով չի կարելի ծնկի իջեցնել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, կոտրել սեփական երկրում ազատ ապրելու արցախցու ձգտումը»,-ասել է նա: