ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով կալանավորված Վոլոդյա Գալստյանի փաստաբան Սուրեն Մնացականյանը հունվարի 30-ին հրավիրած մամուլի ասուլիսում մի շարք անհիմն մեղադրանքներ է ներկայացրել «02» հաղորդաշարին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանությունից:

Ինչ վերաբերում է պաշտպանյալի անմեղության կանխավարկածը խախտելու եւ նախաքննության փուլում գաղտնիք համարվող տեղեկությունների հրապարակման վերաբերյալ փաստաբանի հայտարարությանը, ապա  ոստիկանությունը նրան խորհուրդ է տալիս ավելի ուշադիր ուսումնասիրել ՀՀ քրեադատավարական նորմերը, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201 հոդվածը հստակ արձանագրում է. «Նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ»:««02» հաղորդաշարը տեսանյութը պատրաստել է նախաքննական մարմնի թույլտվությամբ եւ նրա տրամադրած տեղեկատվության շրջանակներում, որի պայմաններում չի խախտվել նաեւ նախաքննության գաղտնիության սկզբունքը»,-հայտնեցին ոստիկանությունից:

Ինչ վերաբերում է անմեղության կանխավարկածին, ապա, ոստիկանությունից փոխանցեցին, որ այդ նորմի մասին պատկերացում պետք է կազմել ոչ թե «նյութը նայելուց», այլ վերստին, գործող օրենսդրությունն ուսումնասիրելով:

»ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին կետում նշվում է. «Հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: Մենք, այդ սկզբունքին հավատարիմ,  ընդամենը հրապարակել ենք նախաքննության որոշ տվյալներ՝ առանց Գալստյանի մեղավորությանը կամ անմեղությանը անդրադառնալու:

Բացի այդ,  Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մասը երաշխավորում է հանցագործության մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձի անմեղության կանխավարկածը: Անշուշտ, հիմնարար դրույթ է, որը հանձնառված եւ արձանագրված է նաեւ «02»-ի լուսագրում, ու եթե փաստաբանն ուշադիր լիներ, կկարդար: Ուշադիր լինելու դեպքում տեղյակ կլիներ նաեւ նույն կոնվենցիայի 10-րդ հոդվածին, որով երաշխավորվում է կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, որից էլ բխում է նաեւ տեղեկություններ փնտրելու եւ տարածելու իրավազորությունը, հետեւաբար անմեղության կանխավարկածը չի կարող խոչընդոտ հանդիսանալ իշխանությունների համար՝ տեղեկություն տրամադրելու քննվող քրեական գործերի վերաբերյալ, այն բացառությամբ, որ տեղեկությունը տրամադրելիս պետք է դրսեւորել զսպվածություն»:

Ոստիկանությունից հայտնեցին, որ զսպվածություն դրսեւորելու հարցում եւս հստակ պահպանվել է Կոնվենցիայի պահանջը. տեսանյութում Վոլոդյա Գալստյանի վերաբերյալ չկա  ոչ մի որակում, ոչ մի պիտակ, ոչ մի կանխակալություն: Ընդամենը ներկայացվել են մի շարք տվյալներ եւ նախաքննության ամբողջականությունն ու օբյեկտիվությունը ապահովելու նպատակով հնարավոր այլ տուժողների առաջարկվել է դիմել ոստիկանություն:

Ի դեպ, տեսանյութը հեռարձակելուց երկու օր անց ոստիկանության Սիսիանի բաժին է դիմել մի քաղաքացի եւ հայտարարություն տվել, որ «02»-ը դիտելով՝ ճանաչել է նույն Վոլոդյա Գալստյանին, որը 2000 թվականին, իր վստահությունը չարաշահելով, գնած խոշոր եղջերավոր անասունի դիմաց չի վճարել 100 հազար դրամ:

Ոստիկանները կասկածներ ունեն, որ Վոլոդյա Գալստյանի գործողություններից տուժել են այլ քաղաքացիներ եւս, որոնք կարող են դիմել ոստիկանության Սիսիանի կամ մոտակա բաժին:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Գալստյանի պաշտպան, փաստաբան Սուրեն Մնացականյանը: լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե ոստիկանությունը եւ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող 1-02 հաղորդաշարը ոչ միայն խախտել են քաղաքացի Վոլոդյա Գալստյանի անմեղության կանխավարկածը, այլեւ հրապարակել նախաքննության գաղտնիք պարունակող նյութեր:  Նրանք այսօր նամակ են ուղարկելու Հայաստանի ոստիկանապետին, գլխավոր դատախազին՝ քաղաքացու խախտված իրավունքների վերաբերյալ, ինչպես նաեւ դիմելու են Հանրային հեռուստաընկերությանը՝ հերքում հրապարակելու  պահանջով,  եւ եթե խնդրանքը չկատարվի, ապա պատրաստվում եւ դիմել դատարան՝ վիրավորանքի եւ զրպարատության  հոդվածով: Դիտավարություն է սա, թե` անփութություն,  փաստաբանները չեն շտապում հայտարարել, շեշտելով, որ ամեն ինչ պարզ կլինի պատասխան նամակն ստանալուց հետո: