Այսօր՝ hունվարի 30-ին, ժամը 17:00-ի սահմաններում Երեւան քաղաքի հյուրանոցներից մեկում Հայաստանի արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության եւ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կողմից ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում բացահայտվել է խարդախության մեկ դեպք:

Ըստ այդմ, Երեւանի բնակիչ Ա.-ն, Երեւանի բնակչուհի Լ.-ից վերցրել է 45 մլն ՀՀ դրամ՝ ԴԱՀԿ ծառայության աճուրդով Երեւան քաղաքի կենտրոնում անշարժ գույք ձեռք բերելու պատրվակով, որի դիմաց վերջինիս հանձնել է կեղծ անդորրագիր՝ իբր տրված ԴԱՀԿ ծառայության կողմից:

Նշենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ԴԱՀԿ ծառայության կողմից հայտնաբերվել է խարդախության նմանատիպ 5 դեպք, որի հիման վրա ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչության կողմից հարուցվել է համապատասխան քրեական գործ:

Հիշեցնեք, որ օրեր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ նմանատիպ դեպքերի առնչությամբ իր մտահոգությունն էր հայտնել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը: ԴԱՀԿ ապահովող ծառայությունը եւս մեկ անգամ հորդորում է հարկադիր էլեկտրոնային աճուրդով գույք ձեռք բերելու ցանկություն ունեցող բոլոր անձանց այն կատարել բացառապես օրենքով սահմանված կարգով, մասնավորապես էլեկտրոնային աճուրդի կազմակերպման կայքում կամ ԴԱՀԿ ծառայությունում գրանցվելու եւ աճուրդին մասնակցելու միջոցով, եւ խուսափել ինքնահռչակ միջնորդների «ծառայություններից»: