Հայաստանի նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը արդեն որոշել է, թե ում է ընտրելու փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին, սակայն չի հրապարակի: Այս մասին այսօր` հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Օսկանյանը: «Բնականաբար ես գիտեմ ում եմ ընտրելու: Երբեք չեմ հրապարակի: Եթե որեւէ նախկին նախագահական ընտրություններին հրապարակած լինեի, միգուցե ձեր հարցումն արդարացված կլիներ: Բայց ես երբեք չեմ հրապարակել: Ամեն մարդ ազատ է իր որոշման մեջ: Ես արդեն իմ որոշումը կայացրել եմ: Դրա մասին հրապարակային չեմ ասելու»,-Aravot.am-ի փոխանցմամբ` նշել է Վարդան Օսկանյանը:
Նախկին արտգործնախարարը շեշտեց, որ որեւէ բան նախագահական ընտրություններով չի ավարտվում. «Քաղաքական գործընթացները դեռեւս առջեւում են, եւ կարծում եմ, ԲՀԿ-ում հետագայում շարունակելու է, եւ ես հատկապես ակտիվ ներգրավվածություն եմ ունենալու»,- ասաց նա` հավելելով, որ ԲՀԿ-ի ընտրություններին չմասնակցելու պատճառով ափսոսանք չունի:
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի որոշմանը որեւէ մեկին չսատարելու եւ սեփական թեկնածուն չունենալու վերաբերյալ՝ Օսկանյանը նշեց. «Երբ այդ որոշումը կայացրեց, ես իմ տեսակետը այդ օրերին էլ հայտնել եմ եւ այսօր էլ նույն կարծիքին եմ: Ես հարգում եմ պարոն Ծառուկյանի որոշումը: Դա իր անձնական որոշումն է եղել: Իհարկե, ես այլ կերպ կցանկանայի, որ զարգացումները լինեին, բայց, համենայնդեպս, պարոն Ծառուկյանն այդպես որոշեց, եւ քաղխորհուրդը այդ եզրակացության հանգեց: Ես, որպես կուսակցության անդամ վերջապես, հարգում եմ, եւ մենք շարունակելու ենք քաղաքական ներգրավվածությունը՝ անկախ նախագահական ընտրությունների արդյունքներից»:
Թե պատճառները իրականում որոնք էին, որ Գագիկ Ծառուկյանը նման որոշում է կայացրել, ըստ Վարդան Օսկանյանի, դրանք որոշ չափով հայտնի են. «Ես կարծում եմ, որ ինչ-որ տեղ բացատրվեց այդ ամեն ինչը: Դա եղել է կուսակցության, պարոն Ծառուկյանի որոշումը: Ես ձեզ վստահեցնում եմ, որ ճիշտ պահին, երբ ավելի հարմար եւ բարենպաստ կլինեն պայմանները, դրա մասին ավելի մանրամասն կխոսենք»:




























