Հայաստանն ու Վրաստանն Աբխազիայով անցնող երկաթուղու բացումը համարում են շատ կարեւոր նախագիծ: Այս մասին, այսօր` հունվարի  31-ին, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, երկրի գործող նախագահ Սերժ Սարգսյանը, հատնում է NEWS.am-ի թղթակիցը:

«Այս ճանապարհը շատ արդյունավետ կլինի` նվազեցնելով ապրանքների ինքնարժեքում տրանսպորտային բաղկացուցիչը, ապահովելով անխափան երկաթուղային հաղորդակցություն ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ԱՊՀ այլ երկրների հետ: Այստեղ կասկածներ լինել չեն կարող: Կարծում եմ` այդ նախագծից մեր բոլոր ակնկալիքներն իրական են: Երբ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Հայաստան էր ժամանել, նա հայտարարել էր, որ իր կառավարությունն այդ երկաթուղու վերականգնմանը մեծ կարեւորություն է տալիս: Մնացել են մի շարք տեխնիկական հարցեր, որոնց ուղղությամբ մենք այժմ աշխատում ենք»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ Վրաստանի կառավարությունը` վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ, հայտարարել է, որ պատրաստ է վերականգնել Աբխազիայով անցնող երկաթուղային հաղորդակցությունն` առանց որեւէ նախապայմանի: Աբխազիայի իշխանությունները բացասաբար են արձագանքել այս նախաձեռնությանը: Մոսկվան եւս դեռ լռում է, իսկ Վրաստանում հաղորդակցության վերականգմանը բացահայտորեն դեմ է արտահայտվում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ նրա գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը: