Քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը, ով փետրվարի 4-ին երեկոյան ժամը 19-ին «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժնում ենթարկվել էր վիրահատության, կրկին տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» Քրեակատարողական հիմնարկ: Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում նշեց նրա մարտական ընկեր, ՀԱԿ-ի Հրազդանի մասնաճյուղի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանը, ներկայումս Սասուն Միքայելյանը գտնվում է հետվիրահատական շրջանում, գիշերներն անհանգիստ է չի կարողանում քնել գլխացավերի պատճառով, զգացնել է տալիս նաեւ ճնշումը:

Նշենք, որ ազատամարտիկ քաղբանտարկյալի բժիշկները նրան մեկ տարվա ամենօրյա պարտադիր բուժման կուրս են նշանակել: Սասուն Միքայելյանը պետք է լինի բժիշկների խիստ հսկողության ներքո:

Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման 2008-ի մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ինչպես նաեւ զենք զինամթերք ապօրինաբար պահելու մեղադրանքներով: 2008-ի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ կալանավորվելուց հետո Սասուն Միքայելյանի մոտ ի հայտ էին եկել եկել շնչառական ուղիների եւ սրտի հետ կապված առողջական խնդիրներ։ Դեկտեմբերին նախկին պատգամավորին վիրահատել էին «Արմենիա» բժշկական կենտրոնում՝ շնչուղիների շրջանում կատարելով միանգամից մի քանի վիրահատություն։