Այս պահին նախընտրական քարոզարշավը շարունակվում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը: Նրա փոխանցմամբ` երբ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը դիմի Սահմանադրական դատարան` ընտրությունները 2 շաբաթով երկարաձգելու խնդրանքով, ապա Սահմանադրության 52-րդ հոդվածի համաձայն, եթե ՍԴ-ն խոչընդոտը համարի անհաղթահարելի, ապա ընտրությունը երկշաբաթյա ժամկետով կերկարաձգվի:

Նշենք, որ ՀՀ սահմանադրության 52-րդ հոդվածով Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը: Մինչեւ քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո` քառասուներորդ օրը:

Նշենք, որ Պարույր Հայրիկյանն այսօր հայտարարել է, որ դիմելու է ՍԴ` ընտրությունները 15 օրով հետաձգելու խնդրանքով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում  հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան այսօր առավոտյան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ: