Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 8-ին հնգօրյա պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա:
ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակներում նախատեսված են Սեյրան Օհանյանի հանդիպումները Ֆրանսիայի պաշտպանության նախարարի, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Ժան-Լուի Ժորժելենի, Ֆրանսիայի նախագահի հատուկ Գլխավոր շտաբի պետ, ադմիրալ Էդուար Գիյարի, Ֆրանսիայի ԱԺ Պաշտպանության եւ զինված ուժերի մշտական հանձնաժողովի նախագահ Գի Տեսիեի, Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամ-ինստիտուտի տնօրեն Կամիլ Գրանի, Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արք. Զաքարյանի եւ ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
ՀՀ պաշտպանության նախարարը կայցելի Մուրմելոնի ռազմական վարժանքի կենտրոն, ներկա կլինի հրաձգային միավորման ենթասպաների վարժանքին, կմեկնի Պաշտպանության միջբանակային քոլեջ, Մոն Վալերիեն եւ Հաղթական կամար հուշահամալիրներ:
Այցի ընթացքում նախատեսված են նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի հարցազրույցները ֆրանսիական Le Monde օրաթերթին եւ Les Nouvelles d'Armenie ամսագրին:




























