Euronews հեռուստաընկերության թղթակցի հարցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պատասխանում իր երկրում բռնապետության առկայությունը ներկայացվեց որպես կայացած փաստ: Այդ մասին փետրվարի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ժողովրդավարության եւ խաղաղության երեւանյան կենտրոնի ղեկավար Արմեն Մինասյանը՝ մեկնաբանելով Ալիեւի հարցազրույցը եվրոպական հեռուստաալիքին:

Նրա խոսքով, ի պատասխան հնչող պնդումներին` Ադրբեջանի նախագահը չսկսեց հերքել գնահատականները, այլ միայն իր բացասական վերաբերմունքը ցուցադրեց. «Պատասխան չունենալով՝ Ալիեւը խոսակցությունը տեղափոխում է զգացմունքային հարթություն։ Նա մեղադրում է աշխարհին, որ իրեն անհիմն մեղադրում են: Եւ դա արվում է համաեվրոպական միջավայրում, որի լսարանը, չի կարող համարժեք ընդունել պնդումները, թե „Freedom House“-ը կամ „Human Rights Watch“-ն ու մյուսները մատնացույց են անում մարդու զանգվածային խախտումները՝ միայն Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու համար»,- ասել է Մինասյանը:

Փորձագետի կարծիքով, հենց դրանից հետո եվրոպացի լրագրողն իր հարցերում ավելի հեգնական դարձավ: Ալիեւը, միեւնույն ժամանակ, շարունակում էր նյարդայնանալ եւ առավել անհամարժեք ձեւակերպումներ անել: «Օրինակ՝ լրագրողը հարցնում է՝ ինչո՞ւ է ընդդիմությունն Ադրբեջանում զրկված իրական քաղաքական շանսից, իսկ Ալիեւի ընդդիմախոսները զրկված են խոսքի իրավունքից, ինչին նախագահը պատասխանում է. „Այստեղ խոսքը ժողովրդինն է, դա ժողովրդի ընտրությունն է“: Դուք պատկերացնում եք հաղորդավարի վիճակը, որը հարցնում է, թե ինչու եք ձայնից զրկում իմ գործընկերներին, իսկ նրան պատասխանում են, թե դա ժողովրդի ընտրությունն է: Ալիեւը հստակ եւ բացահայտ ծաղրում է եւ, բնականաբար, լրագրողը պետք է պատասխաներ նույն ոգով: Եւ հարցրեց, թե նա իրեն թագավոր չի զգում: Ու թեեւ Ալիեւն այդ հարցին բացասական պատասխանեց, այսուհանդերձ ոչ հաղորդավարին, ոչ լսարանին նրա պատասխանը չհամոզեց»,- ամփոփել է Մինասյանը: