Ազգային անվտանգության ռազմավարությանը համապատասխան կմշակվի Հայաստանի պարենային անվտանգության հայեցակարգ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղարի մամուլի գրասենյակի պատասխանատու Գայանե Գասպարյանից, փետրվարի 8-ին կայացել է Հայեցակարգի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը, որը վարել է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
ԱԱԽ որոշման եւ հանրապետության նախագահի կարգադրության համաձայն` հայեցակարգը պետք է մշակվի եւ Անվտանգության խորհրդում հաստատվի 2010 թվականի առաջին կիսամյակի ընթացքում:
Ընդգծելով պարենային անվտանգության բացառիկ կարեւորությունը` Ա. Բաղդասարյանը նշել է, որ երկրի պարենային անվտանգության եւ պարենային անկախության հիմնախնդիրների լուծումը ենթադրում է գյուղատնտեսության ոլորտի մրցունակության բարձրացում եւ ենթակառուցվածքային ու ինստիտուցիոնալ բարեփոխումների շարունակական իրականացում: Պետք է մշակվի ու հաստատվի այնպիսի փաստաթուղթ, որը հնարավորություն կտա բարձրացնել Հայաստանի պարենային ապահովվածության ու անվտանգության մակարդակը, արդյունքում` ձեւավորել այնպիսի կայուն համակարգ, որը մեր երկրում կխթանի տեղական արտադրությունը, հատկապես` գյուղատնտեսական մթերքների արտադրության ոլորտում, եւ նվազագույնի կհասցնի ներմուծումներն այլ երկրներից, կբարձրացնի մեր երկրի պարենային ինքնաբավության մակարդակը:



























