Այսօր` փետրվարի 5-ին Ուկրաինայի Գերագույն ռադայի 7-րդ համագումարի 2-րդ նիստի հանդիսավոր բացումն ընդհատվել է: «Բատիկիվշինի», «Ուդարի» եւ «Սվոբոդայի» ընդդիմադիր պատգամավորներն առավոտվանից գրավել էին Ռադայի ամբիոնն ու նախագահությունը:
Երկրում տիրող իրավիճակից իրենց դժգոհությունն ընդդիմադիր կուսակցությունները որոշել են արտահայտել տարբեր ձեւերով: Այսպես` «Ուդար»-ի պատգամավորները Ռադա են եկել կարմիր վերնազեստներով, որոնց վրա գրված էին կուսակցության անունը եւ «Голосуємо особисто» (քվեարկում ենք անձամբ) գրառումներով: «Բատիկիվշինի» ներկայացուցիչները, որոնք ձգտում են ազատագրել իրենց առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյին, կապել էին դեղնա-կապտավուն ժապավեններ: Իսկ «Սվոբոդայի» նացիստները ճնշող մեծամասնության մեջ հրաժարվել են պիջակներից եւ փողկապներից: Բացի այդ, Ռադա են մտցրել պաստառ, որի վրա գրված է եղել «Ռադան փտում է Ռիբակից» (Վլադիմիր Ռիբակ` Գերագույն Ռադայի խոսնակ) եւ «Կնոպկոդավներ,կորչեք Ռադայից», «Պատգամավոր: Աշխատանքի գնա:Քվեարկիր անձամբ», հաղորդել է ՈւՆԻԱՆ-ը:
Երկրի խորհրդարանի մոտ ուժեղացվել է ոստիկանական հսկողությունը, իսկ Կոմկուսի ներկայացուցիչները ցույց են կազմակերպել Ուկրաինայի` Մաքսային միություն մտնելու համար:
Ավելի վաղ ընդդիմադիր խմբակցությունները նախազգուշացրել են, որ Ռադայի աշխատանքները չեն սկսվելու, եթե չընդունվի անձնական քվեարկության օրենքը:
Ըստ podrobnosti.ua-ի` նիստի դահլիճը լքել են «Ռեգիոնալ կուսակցության» ներկայացուցիչները եւ Վերյովկի անվամբ երգչախմբի մասնակիցները, որոնք մտադիր էին կատարել Ուկրաինայի հիմնը: Ինչպես հաղորդում է ЛІГАБізнесІнформ-ը, Ռեգիոնալ կուսակցությունը մտադիր է Ռադայի նիստը սկսել վաղը` փետրվարի 6-ին: Խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Ռիբակը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե այդպիսի որոշում ընդունի խորհրդարանը: Նա նաեւ հայտարարել է , որ մտադիր չէ ուժով բացել Ռադան:
Հիշեցնենք, որ Ռադայի աշխատանքի յոթերորդ համագումարը սկսվել է մի քանի ընդհարումներով` պատգամավորները կոտրել են բազմոցներն ու սեղանները, արգելափակել են ամբիոնները, խեղդել են միմյանց եւ ընդդիմախոսներին հարվածել են ոտքով:





























