Արագածոտնի մարզում 2012 թվականին գյուղատնտեսության բնագավառում ծրագրերը հիմնականում ուղղվել են ֆերմերային եւ գյուղացիական տնտեսությունների կերարտադրության, արհեստական սերմնավորման, կաթնարտադրության խթանման, հացահատիկային կուլտուրաների սերմարտադրության, սորտաթարմացման, անասնապահության եւ դաշտավարության զարգացման գործընթացներին: Ներդրված ընդհանուր գումարը կազմել է 9692.3 միլիոն դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է:

Արագածոտնի մարզպետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2012 թվականին, ընդհանուր առմամբ, կատարվել է 23940 հա. հացահատիկի եւ հատիկաընդեղենի, 1569 հա կարտոֆիլի, 978 հա բանջարեղենի եւ 158 հա բոստանային մշակաբույսերի ցանք: Խաղողի տարածություններն ավելացել են 264 հեկտարով եւ ներկայումս կազմում են 1835 հա: Պտղատու այգիների ընդհանուր տարածքը կազմել է մոտ 5212 հա, որը նախորդ տարվա համեմատությամբ ավել է 330 հեկտարով: Նախորդ  տարվա  5500 տոննայի  դիմաց  2012 թվականին  մարզի  խաղողագործներից  մթերվել  է  6200 տոննա  խաղող:

Տարվա ընթացքում մարզին տրվել է 175 տոննա հացահատիկի  սերմացու: Գյուղացիական տնտեսություններին կենտրոնացված կարգով մատակարարվել է նաեւ 2835 տոննա ազոտական պարարտանյութ, 1400 տոննա դիզելային վառելիք: Այս հատկացումները շարունակական են եւ իրականացվելու են նաեւ ընթացիկ տարում: