Աշխարհում տեղի են ունենում գործընթացներ, որոնք նպաստում են անկախ պետությունների առաջացմանը: Գլոբալ առումով այս գործընթացները պատկերող թվերը շատ պարզ ցույց են տալիս ասվածի հավաստիությունը. 1914 թ-ին` Առաջին համաշխարհային պատերազմի նախօրերին, աշխարհում գոյություն ունեին 59 պետություն, 1950 թ-ին անկախ պետությունների թիվը հասավ 89-ի, 1995 թ-ին այդ պետությունները 192-ն էին և այսպես շարունակ:

21-րդ դարում համաշխարհային զարգացումները ցույց են տալիս, որ վերոհիշյալ գործընթացները  թվերի առումով նույնպես միտում ունեն աճելու: Այս գործընթացներից զերծ չի մնում Մերձավոր Արեւելքը, հատկապես քրդերը, որոնց կողմից «Մեծ Քրդստան» ստեղծելու ձգտումը այս գործընթացների բաղկացուցիչ մասն է եղել երկար տարիներ, սակայն օբյեկտիվ և սուբյեկտիվ շատ ու շատ խնդիրների առկայությունը խանգարել  է քրդերին և այժմ էլ խոչընդոտ է  հանդիսանում  ցանկալիին հասնելու համար:

2003 թ-ին կոալիցիոն ուժերի կողմից Իրաք ներխուժումը, ինչին աջակցեցին նաև Իրաքի հյուսիսում բնակվող քրդերը, նպաստեց նրան, որ վերջիններս ստացան ինքնավար կարգավիճակ, Իրաքում ամերիկացիների հայտնվելուց հետո տեղի քրդերի մի հատվածի առաջնորդ Մասուդ Բարզանին սադամյան վարչակարգին տեղական ընդդիմադիրից վերածվեց տարածաշրջանային առումով ավելի նկատելի գործչի, «Իրաքյան Քրդստանն» ԱՄՆ և Իսրայելի օժանդակությամբ ունեցավ փոքրիշատե կազմակերպված սեփական զինված ուժեր, հետախուզական կառույցներ, միջազգային օդանավակայան և այլ ոչ պակաս կարևոր անկախ պետականության ատրիբուտներ: Տնտեսական ոլորտում նույնպես իրաքյան քրդերն ունեն որոշակի ինքնուրույնություն, շրջանցելով կենտրոնական իշխանություններին,  նրանց կողմից քայլեր են ձեռնարկվում հյուսիսում առկա նավթը սեփական նախաձեռնությամբ վաճառելու ուղղությամբ, այստեղ լուրջ արտաքին ֆինանսական ներդրումներ են իրականացվում, կատարվում են հսկայածավալ շինարարական աշխատանքներ, ինչը որոշակի տնտեսական և քաղաքական դիվիդենտներ է ապահովում քրդերի համար  տարածաշրջանային գործընթացներում:

Այս ամենը պետք է իր ազդեցությունն ունենար «Իրաքյան Քրդստանից» դուրս բնակվող քրդերի վրա, և Սիրիան այս առումով բացառություն չկազմեց: Երկրի հյուսիսում և հյուսիս արևելքում (հիմնականում թուրք-սիրիական սահմանամերձ Աֆրինում (Jabal al-Akrad), Այն ալ-Արաբում (Kobanî) և Ալ-Հասակայում (Jazira)) բնակվող քրդերը, որոնց թիվը կազմում է տարբեր գնահատականներով մոտ 2-2,5 մլն մարդ, երկար տարիներ ճնշվել են սիրիական իշխանությունների կողմից: Այս քաղաքականությունը նկատելի էր նաև Բաշար Ալ-Ասադի ղեկավարման տարիներին (հիշենք 2008 թ-ի սեպտեմբերի 10-ի N49 հրամանագիրը, որը քրդական շրջանակներում բնորոշվեց որպես հակաքրդական և այլն):

2011 թ-ի մարտից Սիրիայում ընթացող գործընթացները և երկրում ստեղծված իրավիճակը «Արաբական գարնան» շղթայի շարունակական մասը կազմեցին: Բաշար  Ալ-Ասադի  վարչակարգը  հայտնվեց  քաղաքական,  տնտեսական ու սոցիալական ճգնաժամի  մեջ: Առավել դժվարին դրություն էր ստեղծվել կառավարական ուժերի համար Սիրիայի հյուսիսում և հյուսիս արևելքում, որոնք սահմանակից են Թուրքիային: Այստեղից ընդդիմադիրները ստանում են մեծ օժանդակություն,  ինչի արդյունքում  նրանք բավական ակտիվ ռազմական գործողություններ են ծավալում բաշարյան ուժերի դեմ` գրանցելով նաև որոշակի հաջողություններ: «Արաբական գարունը» իր հետ բերեց նոր իրողություններ` արդյունքն եղավ այն, որ հատկապես 2011 թ-ի հունիս ամսին սիրիական կառավարական շրջանակների և քրդերի միջև սկսեցին ընթանալ բանակցություններ: Այս առումով Բաշար Ալ-Ասադը գնաց զիջումների. առաջին հերթին կասեցվեց N49 հրամանագիրը (2011 թ-ի մարտ), քրդերին տրվեց  որոշակի արտոնություններ` նրանց բաժանելով սիրիական անձնագրեր (2011 թ-ի ապրիլ)  և,  բացառությամբ երկու խոշոր բնակավայրերի` Հասակայի և Ղամիշլիի,  սիրիական կառավարական ուժերը դուրս հանվեցին քրդերով բնակեցված տարածքներից, ինչը նրանց հնարավորություն տվեց զինված ընդդիմադիրների դեմ պայքարում կենտրոնանալ հակամարտության առավել թույլ պաշտպանված  և  խոցելի տարածքներում:

Օգտվելով ընձեռնված հնարավորությունից` քրդերը ստեղծեցին իրենց ուժային խմբավորումները, ինքնապաշտմանական սեփական ջոկատները` իրականացնելով սեփական տարածքների ինքնապաշտպանությունը: Պարզ էր, որ դեպքերի նման ընթացքը չեր կարող գոհացնել սիրիական զինված ընդդիմադիրներին, որոնց մեջ մեծ թիվ են կազմում արմատականները: Վերջիններս ստանալով աջակցություն Թուրքիայից և Պարսից ծոցի հարուստ միապետություններից, պայքարում են շարիաթի նորմերի վրա կառուցվելիք Սիրիայի համար, ուստի ապագա Սիրիայի նրանց տեսլականը տարբերվում է, և հետևաբար ընդդիմադիրների և քրդերի միջև բախումներն էլ իրենց սպասեցնել  չտվեցին,  ինչին  մենք  ականատես ենք  լինում երկրում:

Պետք է նշել, որ սիրիական քրդերի շրջանում կան լուրջ տարաձայնություններ Սիրիայի հակամարտող երկու հիմնական կողմերի հետ իրականացվող քաղաքականության վերաբերյալ: Այստեղ հանդես եկող երեք հիմնական քրդական ուժերի` «Քրդական ազգային խորհուրդի» (KNC), «Դեմոկրատական միության կուսակցության» (PYD) և վերջինիս ճյուղավորումը հանդիսացող «Ժողովրդական պաշտպանության ջոկատների» (YPG) միջև առկա հակասությունները շատ հաճախ հանգեցնում են արյունալի բախումների հենց քրդերի շրջանում, ինչը իր հերթին փորձում է հարթել Իրաքյան Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանին` կազմակերպելով համատեղ հանդիպումներ իրաքյան Էրբիլ քաղաքում:  Իհարկե այս գործում ակտիվ է նաև Թուրքիայում երկար տարիներ գործող «Քրդական բանվորական կուսակցությունը» (PKK), ով, պայքարելով Թուրքիայի դեմ, ձգտում է հասնել քրդական ինքնավարության` փորձելով չթուլացնել սեփական ազդեցությունը ոչ միայն Թուրքիայում բնակվող քրդերի շրջանում, այլև ողջ տարածաշրջանում: Սիրիայում բնակվող քրդերի և Թուրքիայի ու Իրաքի նրանց ազգակիցների պայմանները անհավասար են: Սիրիայի քրդական կուսակցությունների հիմնական մասի ծրագրային հիմնադրույթներում բացակայում է «Սիրիական Քրդստան» ստեղծելու նկրտումները,  ինչը  բացատրվում է  Սիրիայի քրդերի աշխարհագրական և դեմոգրաֆիական պայմանների տարբերությամբ.

  1. Աշխարհագրական առումով Սիրիայի քրդերով բնակեցված  հիմնական երեք տեղայնքները` Ալ-Հասական (Jazira), Քուրդ Դաղը (Çiyayê Kurmênc) և Այն ալ-Արաբը (Kobanî), տարանջատված են, ինչը որոշակի դժվարություն է ստեղծում դասական առումով միասնական պետական միավոր ստեղծելու համար: Բացի դա ամենաշատ քրդերով բնակեցված Ալ-Հասակայում չկան լեռնային տարածքներ, որոնք այդքան հարազատ են քրդական զինված մարտիկների համար:
  2. Սիրիայի մոտ 20 մլն. բնակչության 10 տոկոսը կազմող 2-2,5 մլն. քրդերի թիվը անհամեմատ ավելի փոքր է Թուրքիայում և Իրաքում բնակչության ընդհանուր թվաքանակի մեջ քրդերի ընդհանուր թվից: Հետևաբար մի կողմից սիրիական քրդերի, իսկ մյուս կողմից Թուրքիայի կամ Իրաքի քրդերի թվային հարաբերակցությունը անհամեմատելի է, ինչը և անհավասար պայմաններ  է ստեղծում նրանց միջև:

Ուստի կարող է արդյոք սիրիական հակամարտությունից հետո «Սիրիական Քրդստանը» իրականություն դառնալ տարածաշրջանո՞ւմ, թե՞ սա քրդական թեմայով հերթական երևակայություններն են: Սիրիայում քրդերի կարգավիճակի հարցը մեծ հաշվով կախված է նրանից, թե ինչպիսի հանգուցալուծում կստանա սիրիական հակամարտությունը, և այդ հանգուցալուծման արդյունքում քրդերն ինչպիսի դերակատարում կունենան: Սիրիական զարգացումներում անորոշությունը գերակշռում է, ուստի քրդական խնդիրն էլ դեռևս երեւակայական տիրույթում է:

Սարգիս Գրիգորյան