ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը որոշումը փոխել է եւ ընտրությունները հետաձգելու խնդրով Սահմանադրական դատարան դիմում կներկայացնի կիրակի օրը, եթե մինչ այդ առողջական վիճակը չփոխվի: NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ԱԻՄ արտաքին կապերի պատասխանատու, նրա ընկեր Կարո Եղնուկյանն ասաց, որ եթե մինչեւ կիրակի առողջական վիճակը չփոխվի, ապա իրենք պատրաստվում են այդ օրը դիմում  ներկայացնել:

Հարցին, թե ո՞րն է որոշումը փոխելու պատճառը, նա պատասխանեց, որ հետո ճշտել են եւ պարզել, որ կիրակի օրը եւս ՍԴ-ն կարող է դիմումներ ընդունել, մինչդեռ իրենց թվում էր, թե այսօր դիմում ներկայացրելու վերջին օրն էր: «Այսօր չենք տանում, կիրակի կտանենք` եթե մինչեւ կիրակի Հայրիկյանի վիճակը չփոխվի: Ցավազրկողներով ցավը մեղմացնում ենք»,- ասաց Կարո Եղնուկյանը` հավելելով, որ դիմումն այժմ պատրաստվում է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, թե ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը պատրաստվում է  դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան` ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու խնդրով: Պարույր Հայրիկյանն ասել էր, թե ցանկություն ունի, որ ՍԴ-ն իր դիմումը մուտքագրի փետրվարի 10-ի ամսաթվով, բայց, քանի որ փետրվարի 10-ը կիրակի է` դիմումը կներկայացնեն այսօր: