Ռուսաստանում դպրոցական աղջկա բռնաբարության եւ սպանության նոր դեպք է գրանցվել. այս անգամ դաժան հանցագործությունը կատարվել է Չեչնիայում: Չորրորդ դասարանցի Լինդա Վիդրայեւայի մարմինը փետրվարի 9-ի երեկոյան հայտնաբերվել է նրա հարազատ Ցոցի Յուրտ գյուղի մոտ:
Աղջիկն առավոտյան դպրոց էր գնացել, սակայն այդպես էլ դասերին չէր ներկայացել: Ուսուցիչները կարծել են, թե Լինդան տանն է եւ երեխայի անհետացման մասին չեն հայտնել ոստիկանություն: Ենթադրյալ մարդասպանին հաջողվել է ձերբակալել:
Նա Ցոցի Յուրտ գյուղի բնակիչ Շարուդին Դոգժիեւն է: Վերջինիս ձերբակալել էին, երբ նրա ԳԱԶ-3110 մեքենայում հայտնաբերել էին ականջօղեր, աղջկա բաճկոնի կոճակները եւ արյան հետքեր, հայտնել են Քննչական կոմիտեում:
Ըստ քննության` նա բռնաբարել եւ խեղդել է 10-ամյա աղջկան: Դրանից հետո անշունչ մարմինը փորձել է այրել, սակայն տղամադուն նկատել են տեղի բնակիչները, նա փախել է, հաղորդում է ՆՏՎ-ն:
«ԱիՖ»-ը հայտնում է, որ Դոգժիեւն իրեն տարօրինակ է պահում, սակայն ոստիկանությունը չի բացառում, որ հանցագործն այդպիսով փորձում է խաբել քննությանը:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը կոչ է արել պատժել մարդասպանին «ռուսական օրենքների ամբողջ խստությամբ», ինչպես նաեւ ամեն ինչ անել, որպեսզի նման հանցագործությունները չկրկնվեն ապագայում: Չեչնիայի առաջնորդը նշել է, որ հանրապետությունում նման բան «գրեթե չի եղել տասնամյակների ընթացքում»:





























