Բուլղարիայի տնտեսության, էներգետիկայի եւ զբոսաշրջության նախարար Դելյան Դոբրեւի վրա ձնագնդիկներ են նետել էլեկտրաէներգիայի սակագների ավելացման պատճառով:

Բողոքի ցույցերը ծավալվել են ողջ Բուլղարիայով: Նախօրեին Սոֆիայում շուրջ 500 մարդ հավաքվել են տնտեսության, էներգետիկայի եւ զբոսաշրջության նախարարության դիմաց` պահանջելով նախարար Դելյան Դոբրեւի հրաժարականը: Որոշ բողոքողներ նախարարի վրա ձնագնդիներ են նետել:

Այլ քաղաքներում ցուցարարներն այրել են էլեկտրաէներգիայի հաշիվները, հաղորդում է «Ռոսբալտը»:

Դեկտեմբերին երկրի քաղաքացիները ցնցվել էին ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց վճարելիք գումարի չափից, մի շարք շրջաններում ձմեռվա հաշիվները 100%-ով բարձր են եղել նախորդ տարվանից:

Մասնավոր հոսանք մատակարարող CEZ եւ Energo-Pro ընկերությունները բացատրել են, որ անսպասելի բարձր հաշիվները կապված են սառնամանիքների, ամանորյա եւ սուրբծննդյան տոների հետ: Ավելի վաղ ընկերությունները խոստացել էին մանրամասն տեղեկատվություն հրապարակել հաշիվների վերաբերյալ, իսկ տնտեսության եւ էներգետիկայի նախարարությունը հայտարարել էր, որ փորձագիտական հատուկ հանձնաժողովը կստուգի այդ տվյալները: