Մոսկվայում ադրբեջանցիների խումբը փորձել է առեւանգել մի անհատ ձեռներեցի: Վերջինս ազատ է արձակվել առեւանգումից մի քանի րոպե անց, իսկ առեւանգողները ձերբակալվել են, հաղորդել են Ռուսաստանի ՆԳՆ Կենտրոնական դաշնային օկրուգի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

Մոսկվայի ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ քաղաքում գողություններով եւ ավազակային հարձակումներով զբաղվող էթնիկ խմբավորում է գործում: Ոստիկանները դուրս են եկել նրանց հետքի վրա եւ պատրաստվել էին ձերբակալել հանցանքի վայրում:

Նախօրեին ցերեկը, չարագործները բնակելի շենքերից մեկի բակից առեւանգել են Մոսկվայի շուկաներից մեկում մրգեր ու բանջարեղենի առեւտրով զբաղվող մի անհատ ձեռներեցի: Նա դուրս է եկել իր տնից եւ ուղղվել դեպի իր «Գազել»  ավտոմեքենան, երբ նրա վրա երեք մարդ է հարձակվել: Հարձակվողները կրակել են անհատ ձեռներեցի ոտքին, բռնությամբ նստեցրել իրենց մեքենան եւ առեւանգել: Նրանք տուժածի մոտից 70 հազար (մոտ 2,3 հազար դոլար) ռուբլի են վերցրել, նաեւ բնակարանի եւ մեքենայի բանալիներն ու փաստաթղթերը: Նրանք դաժան ծեծի են ենթարկել ձեռներեցին:

Երբ չարագործները մեքենայով կանգ են առել լուսացույցի կարմիր լույսի տակ, հատուկջոկատայինները գրոհել են եւ ազատել պատանդին: