«Ազատություն» կուսակցությունը ստեղծվելիք Հայ ազգային կոնգրես կուսակցության հետ կապ չունի: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան հայտնեց «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Հրանտ ԲագրատյանըԼ
Նա նշեց, որ նորմալ է վերաբերում այդ կուսակցության ստեղծմանը, իսկ ՀԱԿ դաշինքի մասին կխոսեն փետրվարի 18-ից հետո: «Այդ կուսակցության ստեղծումն, ըստ էության, նշանակում է ՀԱԿ-ի վերջը»,- ասաց նա: Հրանտ Բագրատյանը նշեց, որ ՀԱԿ դաշինքի անդամ երեք կուսակցության ղեկավարները զանգել են իրեն եւ հարցրել, թե «դաշինքն ի՞նչ անենք»: «Իրենք կարող են ստեղծել ՀԱԿ կուսակցություն, բայց կա ՀԱԿ դաշինքը: Առաջին նախագահի գործողությունները հարգում եմ, բայց «Ազատությունը» չկա այդ կուսակցության մեջ: Շատ հավանական է, որ անիմաստ է խոսել այլեւս դաշինքի մասին, բայց միեւնույն ժամանակ, այն տարիքում չեմ, որ ասեմ դաշինքը անցեք, արհամարհեք»,- ասաց Հրանտ Բագրատյանը՝ շեշտելով, որ իր ՀԱԿ գործընկերներին եւս ասել է, որ ընտրություններից հետո կխոսեն ՀԱԿ դաշինքի մասին:
Նշենք, որ 28 անհատներ դիմել են Հայ ազգային կոնգրես անունով նոր կուսակցություն ստեղծելու մասին: Իսկ նախօրեին ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց է տվել «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին եւ ասել, որ Կոնգրեսն այլեւս չի կարող պահպանվել նույն կազմով ու կառուցվածքով, ինչպիսին հանդես է եկել նախորդ հինգ տարիների ընթացքում: «Նկատի ունենալով առաջիկա տարիներին քաղաքական զարգացումների միտումները, կարծում եմ, արդեն ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության: Ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ Կոնգրեսին հավատարիմ մնացած ուժերի շրջանակում այդ գաղափարի իրականացման շուրջ քննարկումներ արդեն իսկ ընթանում են»,- ասել է նա:





























