Հայաստանի նախագահի թեկնածու, ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Դիլիջանում այցելել է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբ:
Տավուշի մարզում շրջագայությունն սկսելով Դիլիջանից՝ Հովհաննիսյանը սովորականի նման ելույթ չի ունեցել, այլ շրջել է քաղաքի փողոցներով՝ զրուցելով բնակիչների հետ եւ մտնելով տարբեր հաստատություննոր՝ «Ամերիաբանկ»-ի մասնաճյուղ, Հայաստանի Կենտրոնական բանկի ուսումնական կենտրոն, շուկաներ եւ խանութներ: Ճանապարհին տեսնելով Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը`Հովհաննիսյանը ներս է մտել: Զրուցելով ներսում գտնվող ակտիվիստների հետ` Հովհաննիսյանը նրանց կոչ է արել ազատ ընտրություն կատարել հանուն Հայաստանի բարօրության:
Դրանից հետո Հովհաննիսյանն այցելել է Ոստիկանության բաժին, որտեղ ոստիկաններին մաղթել է «այս անգամ ընտրություններն անցկացնել օրենքի ամբողջ արդարությամբ»: Վերջում Հովհաննիսյանը եղել է քաղաքապետարանում, որտեղ, հանդիպելով քաղաքապետ Արմեն Սանթրոսյանին, նրան էլ է կոչ արել ազատ եւ ազնիվ ընտրություն կատարել: «Այնպես անենք, որ այս անգամ ընտրությունների արդյունքին բոլորը հավատան», – ասել է նա:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am





























