Իջեւան քաղաքում ելույթից հետո Հայաստանի նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը շրջել է քաղաքի փողոցներում, ապա Աղստեւի ափով բարձրացել դեպի մարզպետարանի շենք: Շքասրահում բարեւելով բոլորին` Հովհաննիսյանը բարձրացել է մարզպետ Արմեն Ղուլարյանի աշխատասենյակ: Վերջինս նրան դիմավորեց հարգալից, բայց չափազանց զուսպ: Հովհաննիսյանի մաղթանքին` գեթ մեկ անգամ արդար ընտրություններ անցկացնել, մարզպետը պատասխանեց. «Կցանկանայի նշել, որ մենք միշտ ընտրություններ ենք անցկացնում` ղեկավարվելով օրենքով»:

Հովհաննիսյանը պատասխանեց. «Այդուհանդերձ, այդպես ոչ միշտ է եղել: Այս անգամ ցանկանում եմ, որ հակառակը լինի»: «Հայտարարում եմ, որ մեզ մոտ նման բան չի եղել եւ չի կարող լինել: Մենք ղեկավարվում ենք օրենքով, ցանկացած նման հայտարարություն ընդամենը ձեր կարծիքն է: Իսկ միտինգի տեղը հրապարակում է, այլ ոչ այստեղ»,- հակադարձեց Ղուլարյանը:

«Ես կարող եմ ապացույցներ ներկայացնել: Երեւանում մենք գիտենք ուսուցիչների վրա ճնշման դեպքեր, որ աշակերտներին միտինգի ուղարկեն»,- Հովհաննիսյանի այս հայտարարությանն էլ Ղուլարյանը պատասխանեց. «Ես պատասխանատու եմ Տավուշի մարզի համար, եւ այստեղ նման բան չի կարող լինել»:

Նշենք, որ անակնկալ այցն անքան էլ Տավուշի մարզպետի սրտով չէր: Հովհաննիսյանի գնալուց հետո մարզպետը նկատեց. «Սա ի՞նչ ձեւ է, ոչ զանգում են, ոչ պայմանավորվում, երբ ուզում, մտնում են»:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am